ԱՐԵՎԱՅԻՆ ՖՈՏՈՎՈԼՏԱՅԻՆ ԿԱՅԱՆԻ ՏԵՂԱԴՐՈՒՄ ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԽԱՉԻԿ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑՈՒՄ

Հրատարակված Վերջին նորություններ | 0

Տարեցտարի արևային էներգիան ավելի տարածված է դառնում և ձեռք է բերում մեծ կարևորություն տարբեր տնտեսվարող սուբյեկտների համար, քանի որ մարդիկ սովորում են դրա բազմաթիվ առավելություններին։

Արևային էներգիայի օգտագործման առավելություններն անհերքելի են ոչ միայն տնտեսվարող սուբյեկտների, այլև ողջ մոլորակի համար:

«Սյունիք-Զարգացում» ՀԿ-ն հաշվի առնելով 720 բնակիչ ունեցող և հարավից Նախիջևանին 27 կմ ընդհանուր պետական սահմանով սահմանակից Խաչիկ բնակավայրի էլեկտրականության անկախացման կարևորությունը, իր «Վայոց ձորի բնակչության կենսապայմանների բարելավում» ծրագրի շրջանակում բնակավայրի միջնակարգ դպրոցին ապահովեց 16 կվ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայանով։

Արևային ՖՎ կայանի տեղադրման շնորհիվ էապես կկրճատվեն դպրոցի բյուջետային ծախսերը՝ թույլ տալով դրանք ուղղել այլ խնդիրների լուծմանը՝ մասնավորապես  անհրաժեշտ լաբորատոր, սպորտային և տեխնոլոգիական ուսումնական պարագաների ձեռք բերմանը։

Սույն թվականի հուլիսի 25-ին Խաչիկի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ արևային կայանի տեղադրման բացման միջոցառումը։ Միջոցառմանը ներկա էին Վայոց ձորի թեմի առաջնորդ Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը, Խաչիկ բնակավայրի վարչական ղեկավար Հովիկ Սմբատյանը, ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի կրթության, մշակույթի և uպորտի վարչության ներկայացուցիչները, դպրոցի տնօրեն Քաջիկ Խաչատրյանը, «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ի աշխատակիցները, ինչպես նաև ուսուցիչներ, աշակերտներ և ծնողներ։

Միջոցառման ընթացքում ողջույնի և շնորհակալական խոսքով հանդես եկավ դպրոցի տնօրենը։ Վայոց ձորի թեմի առաջնորդ Աբրահամ Մկրտչյանն իր ելույթի խոսքում անդրադարձավ դպրոցների և կրթության այսօրվա ունեցած առավել մեծ դերին և նշանակությանը։

Միջոցառման բարձր տրամադրությունն ապահովեցին դպրոցի աշակերտները՝ հանդես գալով երաժշտական տարբեր կատարումներով՝ երգերով և ազգային պարերով։

«Սյունիք-Զարգացում» ՀԿ-ն իր աշխատանքային օրակարգում մշտապես առաջնահերթ է համարել կրթական նախաձեռնություններին և ծրագրերին աջակցելը։

Հիշեցնենք, որ այս ծրագիրը կյանքի կոչվեց ՀԿ-ի երկարաժամկետ գործընկեր գերմանական «Հաց աշխարհին» կազմակերպության օժանդակությամբ։

Պատասխանել