«ՍՅՈՒՆԻՔ-ԶԱՐԳԱՑՈՒՄ» ՀԿ-Ի 2023 ԱՄԱՌԱՅԻՆ ՃԱՄԲԱՐԸ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՄԲ ԿՅԱՆՔԻ ԿՈՉՎԵՑ

Հրատարակված Վերջին նորություններ | 0

2023 թվականի հունիսի 29-ից մինչև հուլիսի 10-ը կյանքի կոչվեց «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ի կողմից իրականացվող ամենամյա ավանդական ամառային ճամբար ծրագիրը։

28 տարի շարունակ՝ հիմնադրման օրվանից ի վեր, «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ն Եղեգիսի կիրճում գտնվող թեմապատկան «Սիրանույշ» ճամբարում մարզեցի երեխաների համար կազմակերպում է ամառային հիշարժան ճամբար։

Այս տարի ևս, 2023  թվականի հունիսի 29-ից մինչև հուլիսի 10-ը, «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ի ավանդական ամառային ճամբարին մասնակցեցին Վայոց ձորի մարզի 15-17 տարեկան 40 դեռահասներ:

Ճամբարային օրերը ջերմ էին և գերհագեցած։ Երեխաները ճամբարային տասը օրերի ընթացքում հնարավորություն ունեցան մասնակցելու մշակութային միջոցառումների, երաժշտական երեկույթների, արշավների և էքսկուրսիաների, տարբեր թեմաներով սեմինար-քննարկումների, դասընթացների և ավանդույթ դարձած խարույկի միջոցառմանը։

Ճամբարի ընթացքում երեխաների հետ աշխատում էին 19-35 տարեկան վայոցձորցի ութ լիդերներ, որոնց միացել էին նաև ՀԿ-ի կամավորները։

Հուլիսի 9-ի երեկոյան, երեխաների կողմից կազմակերպվեց ամառային ճամբարի փակման միջոցառումը, որն ուղեկցվեց ողջույնի և երախտիքի խոսքով, երաժշտական կատարումներով և խարույկի շուրջ ազգային պարերի ուղեկցությամբ։

Ճամբարի փակման միջոցառմանը ներկա էին Վայոց ձորի թեմի առաջնորդ Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը, Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը, «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ի ներկայացուցիչները, երեխաների ծնողները, նախկին ճամբարականներ և ճամբարի բարեկամներ։

Ճամբարի ծրագիրն իրականացվում է ՀԿ-ի վաղեմի գործընկեր, շվեյցարական HEKS/EPER կազմակերպության ֆինանսական աջակցությամբ։

Պատասխանել