«ՀԱՑ ԱՇԽԱՐՀԻՆ» ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԱՅԻՆ ԱՅՑԸ «ՍՅՈՒՆԻՔ-ԶԱՐԳԱՑՈՒՄ» ՀԿ-ՈՒՄ

Հրատարակված Վերջին նորություններ | 0

2022 թվականի հունիսի 8-ին «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ի գործընկեր «Հաց աշխարհին» գերմանական կազմակերպության ներկայացուցիչներ՝ Եվրոպայի և Մերձավոր Արևելքի ծրագրերի բաժնի ղեկավար Իլոնկա Բոլցեն, կադրերի արտագնա նշանակումների ծրագրի ղեկավար Կլաուդիա Հինդերերը և Հարավային Կովկասի ու Կենտրոնական Ասիայի ծրագրերի պատասխանատու Քիմ Քվիբուկան այցելեցին «Սյունիք-Զարգացում» ՀԿ՝ մոնիթորինգի նպատակով։

Հանդիպման սկզբնական հատվածում ՀԿ-ի աշխատակիցները գործընկերներին ներկայացրին ՀԿ-ի ընթացիկ ծրագրերը և մատնանշեցին մարզում այդ ծրագրերի արդյունքում գրանցած դրական փոփոխությունները։

Հանդիպման կողմերն այցելեցին ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով Հայաստան տեղափոխված անձանց, որոնք ՀԿ-ի նախաձեռնությամբ ապաստան են գտել Վայոց ձորի մարզում։

Ծանոթական այցով գործընկերները հանդիպեցին «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ի նախաձեռնությամբ կյանքի կոչված Մաշտոց հրատարակչության և «Երիտասարդական համախմբում» ՀԿ-ի ներկայացուցիչների հետ՝ ծանոթանալով նրանց ընթացիկ աշխատանքներին և պլաններին։

ՀԿ-ի գործընկերներին հյուրընկալեց «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ի մեղվաբուծության զարգացման ծրագրի համակարգող Նարեկ Սարգսյանը։ Հանդիպման ընթացքում  Ն․ Սարգսյանը ներկայացրեց «Հաց աշխարհին» կազմակերպության աջակցությամբ իրագործվող ծրագրի ընթացիկ աշխատանքները և հետագա պլանները։

Ծրագրի մոնիթորինգից հետո գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներն այցելեցին արևային էներգիայի փորձացուցադրական կենտրոն, որը գտնվում է Եղեգնաձորի Աղասաֆի կոչվող հանդամասում։

Այցելությունների շարքում էր «Յունիկուս» մանկական զարգացման կենտրոնը։ Այցի նպատակն էր ծանոթանալ իրենց աջակցությամբ աշխատանքային պրակտիկային մասնակցություն ունեցած անձանց աշխատանքային առօրյային։

Հանդիպման գործնական հատվածն ավարտվեց Ելփինի կաթնամթերք արտադրող ընկերություն այցով, որտեղ «Հաց աշխարհին» կազմակերպության ներկայացուցիչները համտեսեցին ընկերության արտադրանքից, ծանոթացան կաթնամթերքի ստեղծման գործընթացին և կիսվեցին իրենց տպավորություններով։

Հանդիպումը լի էր նաև ծանոթական էքսկուրսիաներով՝ Նորավանքից դեպի Արենի քարանձավ։

«Սյունիք-Զարգացում» ՀԿ-ն շնորհակալություն է հայտնում իր գործընկեր կազմակերպությանը և նույն կազմակերպության ներկայացուցիչներին՝ լի հույսով, որ երկարաժամկետ այս համագործակցությունը մշտական բնույթ է կրելու։

 

 

 

 

Պատասխանել