ԵՂԵԳԻՍ ԽՈՇՈՐԱՑՎԱԾ ՀԱՄԱՅՆՔԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԵՌՕՐՅԱ ՀԱՎԱՔԸ «ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՀԱՄԱԽՄԲՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ

Հրատարակված Վերջին նորություններ | 0

2022 թվականի հունվարի 21-ից 23-ը թեմապատկան «Սիրանույշ» ճամբարում համախմբվեցին Եղեգիս խոշորացված համայնքի ակտիվ երիտասարդները։

Երրորդ շրջափուլի երկրորդ հավաքի ընթացքում Վայոց ձորի փրկարար ծառայության փոխգնդապետ Սուրեն Հարությունյանը և մարզային փրկարար ծառայության վարչության և ճգնաժամային կառավարման կենտրոնի ավագ հրահանգիչ, փրկարար ծառայության կապիտան Նիկոլայ Մկրտչյանն իրականացրին դասընթացներ երիտասարդներին զինելով արտակարգ իրավիճակներում  արագ և օպերատիվ արձագանքման անհրաժեշտ գիտելիքներով և հմտություններով։ ՊՆ ներկայացուցիչները կրկին անդրադարձան «Զինվորական գրագիտություն» թեմային, երիտասարդներին փոխանցելով նոր գիտելիքներ և կարողություններ։

Հավաքի մասնակիցները հնարավորություն ունեցան ծանոթանալ «Տեղական ինքնակառավարում» և ՏԻՄ հասկացություններին։ Դասընթացն անցկացրեց Եղեգիս խոշորացված համայնքի «Տնտեսական զարգացման պատասխանատու», «Երիտասարդական համախմբում» ՀԿ-ի անդամ Շուշան Դանիելյանը։

Տեղի ունեցավ հանդիպում-քննարկում Վայոց ձորի մարզպետարանի «Գյուղատնտեսության և բնապահպանության» վարչության պետ Գեղամ Մարգարյանի հետ ևս։ Քննարկման թեման էր «ՀՀ գյուղատնտեսության ոլորտում պետության կողմից տրամադրվող աջակցություններ»-ը։

Եռօրյա հավաքի ընթացքում առաջին բուժօգնության գիտելիքներով երիտասարդներին զինեցին «Եղեգնաձոր ԲԿ»-ի տնօրեն Կարեն Ասատրյանը և Ագնեսա Մհերյանը։

«Երիտասարդական համախմբում» ՀԿ-ի կողմից իրականացվող ծրագրի շրջանակներում երիտասարդները ներկայացրին իրենց բնակավայրերի զարգացմանը նպաստող գաղափարներ, որոնք հանձնարարվել էին դեռևս նախորդ հավաքների ընթացքում։

Ձևավորված հանձնաժողովի անդամների որոշմամբ այս անգամ դրամաշնորհի արժանացավ Եղեգիս համայնքի Շատին բնակավայրը։

Դրամաշնորհի արժանացած ծրագրի նպատակն է․ խթանել զբոսաշրջության զարգացմանը Եղեգիս համայնքում և նպաստել համայնքի տնտեսական առաջընթացին շուրջ 10 պատմամշակութային վայրերում տեղադրելով ուղենշող սլաքներ և տեղեկատվական վահանակներ երեք լեզուներով։ Գաղափարի իրագործման համար անհրաժեշտ գումարի չափը կազմում է 290 500 ՀՀ դրամ, որից 160 000 ՀՀ դրամը կտրամադրի «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ն «Վայոց ձորի համայնքների բնակչության կենսապայմանների բարելավում» ծրագրի շրջանակում, իսկ մնացած 130 500 ՀՀ դրամը, տրանսպորտի տրամադրման և վահանակների տեղադրման աշխատանքների իրականացման համար, կտրամադրի Եղեգիսի համայնքապետարանը։

Պատասխանել