ՀԱՆԴԻՊՈՒՄ-ՔՆՆԱՐԿՈՒՄ «ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՀԱՄԱԽՄԲՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՂՆԵՐԻ ՀԵՏ

Հրատարակված Վերջին նորություններ | 0

Ավարտվեց Վայոց ձորի թեմի և «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ի համատեղ նախաձեռնած «Երիտասարդական համախմբում» ծրագրի առաջին փուլը։

Հավաքներին մասնակցեցին Վայոց ձոր մարզի ավելի քան 400 երիտասարդներ, շուրջ ութ համայնքներից։

Հավաքների ընթացքում երիտասարդները յուրացրին գիտելիքներ առաջին բուժօգնությունից, արտակարգ իրավիճակներից, ձեռք բերեցին պաշտպանության բանակի զենքերի և զինտեխնկայի կիրառման վերաբերյալ գիտելիքներ և փորձառություն, զինվեցին ՈՄԱ հնարքներով, ծանոթացան ՀԱՀ-ի շարունակական կրթության ծրագրերին, «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ի կողմից կյանքի կոչված թարգմանչաց դպրոցին։

Եռօրյա հավաքները երիտասարդների համար  ապահովեցին նաև ակտիվ ժամանց արշավների, ինտելեկտուալ խաղերի, սպորտային խաղերի, ազգային երգ ու պարի միջոցով։

Հավաքները հնարավորություն տվեցին երիտասարդներին հանդիպել և ծանոթանալ տարբեր ոլորտներից, զանազան երկրներից ներկայացուցիչների հետ, քննարկել իրենց հուզող հարցերը, ստանալ պատասխաններ դրանց վերաբերյալ, մասնակից դառնալ առկա հնարավոր ծրագրերին։

Մինչ ծրագրի երկրորդ փուլի մեկնարկը, տեղի ունեցավ համակարգողների եռօրյա հավաք-հանդիպում-քննարկում։

Հավաքի նպատակն էր․

  • ամփոփել «Երիտասարդական համախմբում» ծրագրի առաջին փուլը,
  • համատեղ մշակել ծրագրի երկրորդ փուլի ընթացքը և օրակարգը,
  • հստակեցնել «Երիտասարդական համախմբում» ծրագրի առաջնահերթություններն ու նպատակները։

Հավաքի ընթացքում համակարգողները հանդիպեցին նաև Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի, Վայոց ձորի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Աբրահամ սրբազանի, հավաքին մասնակցություն ունեցած ԱԻՆ ներկայացուցիչների, «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ի աշխատակիցների, ՊՆ ներկայացուցիչների և «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ի  անկախ փորձագետ Հարություն Հարությունյանի հետ, քննարկեցին նախորդ հավաքների ընթացքը, իրականացրած միջոցառումները։

Հանդիպում-քննարկման ընթացքում «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ի աշխատակիցները ներկայացրին ՀԿ-ի նոր համայնքային նախաձեռնող խմբի ստեղծման գաղափարը, նախաձեռնող խմբի հիմնական նպատակ սահմանելով համայնքային առկա խնդիրների վեր հանումը և դրանց լուծման ուղիների քննարկումը։

Հավաքների երկրորդ փուլում առավել ուշադրություն կդարձվի մասնակիցների տեսլականի, կարողությունների բացահայտմանը և ներգրավմանը՝ կառույցի հետագա աշխատանքներում։

Երկրորդ փուլի առաջին հավաքի մասնակիցները կրկին կլինեն Արենի համայնքի երիտասարդները։

 

 

Պատասխանել