ԱՐԵՆԻ ԵՎ ԳԼԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ԶԻՆՎՈՒՄ ԵՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ ԱՐԱԳ ԵՎ ՕՊԵՐԱՏԻՎ ԱՐՁԱԳԱՆՔՄԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐՈՎ ԵՎ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ

Հրատարակված Վերջին նորություններ | 0

Վայոց ձորի թեմապատկան «Սիրանույշ» ճամբարում Արենի և Գլաձոր խոշորացված համայնքների մոտ երկու հարյուր երիտասարդներ «Երիտասարդական համախմբում» ծրագրի շրջանակներում մասնակցեցին Վայոց ձորի մարզային փրկարար ծառայության կողմից անցկացվող արտակարգ իրավիճակներում արագ և օպերատիվ արձագանքման գործնական դասընթաց-վարժանքների։

Դասընթացի շրջանակում ՎՁՄՓԾ (Վայոց ձորի մարզային փրկարար ծառայություն) ներկայացուցիչները երիտասարդներին ներակայացրին արտակարգ իրավիճակներում կիրառվող կարևորագույն հնարքներ, երիտասարդների անմիջական մասնակցությամբ ցուցադրեցին գետանցման և տարհանման վարժություններ։

Դասընթացն իրականացրին Վայոց ձորի փրկարար ծառայության փոխգնդապետ Սուրեն Հարությունյանը, մարզային փրկարար ծառայության վարչության և ճգնաժամային կառավարման կենտրոնի ավագ հրահանգիչ, փրկարար ծառայության կապիտան Նիկոլայ Մկրտչյանը և փրկարար ծառայության ջոկատի սերժանտ Արսեն Այվազյանը։

Փրկարար ծառայության ներկայացուցիչները պատրաստակամություն հայտնեցին հավաքներից դուրս ևս կապ պահել երիտասարդների հետ և օպերատիվ կերպով պատասխանել երիտասարդներին հուզող հարցերին։

«Երիտասարդն է մեր վաղվա օրը, երիտասարդից է սկսվում հայրենիքը»․ փոխգնդապետ Ս. Հարությունյանն ավարտեց դասընթացն այս խոսքերով։

Հատուկ շնորհակալություն Վայոց ձորի մարզային փրկարար ծառայության պետ Հակոբ Սարգսյանին արդյունավետ համագործակցության համար։

———————————————————————————————

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հոկտեմբերի 8-ին Վայոց ձորի մարզի թեմապատկան «Սիրանույշ» ճամբարում Հայաստանի Հանրապետության օրհներգի ներքո և եռագույնի բարձրացման արարողությամբ ազդարարվեց «Երիտասարդական համախմբում» հավաքի մեկնարկը։

Հավաքի մասնակիցները Վայոց ձորի մարզի 8 խոշորացված համայնքների երիտասարդներն են:

Յուրաքանչյուր ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին ճամբարում նախատեսվում է հյուրընկալել Վայոց ձորի մարզի մեկ խոշորացված համայնքի 18-30 տարեկան 100 երիտասարդների:

Հավաքներն ունեն երկարամյա բնույթ և դառնալու են մարզային միջոցառումների յուրօրինակ ավանդույթ։

Պատասխանել