Արվեստը որպես ինքնազբաղվածության միջոց

Հրատարակված Վերջին նորություններ | 0

Պատմության մեջ հայ կնոջ ստեղծագործելու կարողությունները միշտ էլ զարմանալի արդյունքներ են տվել․ Հայ կանայք տարբերվել են իրենց հնարամտությամբ և ճարպկությամբ, որի հիմքը արարելու և ստեղծելու անհագ ցանկությունն է եղել (տիպիկ օրինակներից է Ղ․ Աղայանի «Անահիտ»-ը):

Ստեղծելու և ստեղծագործելու, իր երևակայության պատկերների գույները զանազան կտորներին հանձնելու մեծ սեր ունի նաև պատմության մեր հերոսուհին` Արմինեն։ Եզակի ձեռագործ աշխատանքներով հայտնի կինը փորձեց իր ուժերը նաև #բատիկ արվեստի ճյուղում, որտեղից էլ սկսվեց ոլորտային իր հաջողությունների շղթան։

Գերմանական «Հաց աշխարհին» կազմակերպության օժանդակությամբ իրականացվող «Սոցիալական-զարգացում» ծրագրի շրջանակում կազմակերպվող բատիկի 6-ամսյա դասընթացները լայն հնարավորություններ ընձեռեցին Արմինեին մասնակցելու նաև ցուցահանես-վաճառքների, այլ մասնագիտական դասընթացների ու վերապատրաստումների:
Բատիկ աշխատանքները հասան մինչև անգամ Կանադա։

«Առաջին ավարտական ցուցահանդեսի ժամանակ չէի սպասում նման մեծ արձագանքի, հենց այնտեղ էլ հավանեցին իմ առաջին գործը և ուղարկեցին Կանադա։ Այնքան տարված էի այս նոր աշխարհի բացահայտումներով, որ նույնիսկ գիշերներն էի աշխատում։ Մինչև «նրանց» իդեալական տեսքի չհասցնեի (գոնեթե իմ աչքերով) չէի կարողանում գլուխս հանգիստ բարձին դնել։ Կարծում եմ, հաջողությանս գաղտնիքն աշխատանքներիս հանդեպ ունեցած իմ մեծ սերն ու նվիրումն է եղել»,- պատմում է Արմինեն։

Այժմ բոլորը գիտեն նրա գեղեցիկ գործերի մասին։ Դրանք զարմացնում են ոչ միայն տեղաբնակներին, այլև օտարազգի զբոսաշրջիկներին և մարզի այցելուներին։

Ժամանակն է բացահայտելու արվեստի սիրելի ճյուղի գաղտնիքները և դարձնելու այն կյանքի անբաժանելի մաս, ինչպես արեց դա մեր պատմության հերոսուհին։

Պատասխանել