ՊԱՏՄՈՒՄ ԵՆ ԱՐՑԱԽՑԻ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐԸ

Հրատարակված Վերջին նորություններ | 0

Նվեր Մաքսիմի Ղահրամանյանը ծնվել և մեծացել է Արցախի Ասկերանի շրջանի Սղնախ գյուղում։ Նվերը 36 տարեկան է: Նա սովորել է Ստեփանակերտի գյուղատնտեսական քոլեջի Էլեկտրամատակարարում բաժնում, սակայն իր մասնագիտությամբ չի աշխատել երբևէ։

2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ հայրենի գյուղը գրավել են ադրբեջանցիները և ընտանիքի հետ ստիպված բնակեցվել է Ասկերանի շրջանի Շոշ գյուղում։ Մեկ տարի անց Նվերը տեղափոխվել է Ստեփանակերտ՝ աշխատելու նպատակով։ Եկամուտ ստեղծել է զբաղվելով շինարարությամբ, գյուղատնտեսությամբ՝ հողագործությամբ և անասնապահությամբ։

2023 թվականին երկու եղբայրները ծառայելիս են եղել Արցախի բանակում՝ ավագ եղբայրը ծառայել է որպես պայմանագրային զինծառայող, իսկ կրտսերը՝ որպես ժամկետային զինծառայող։ Երբ պատերազմը սկսվել է եղբայրները զանգել են տուն, որպեսզի չանհանգստանան շրջանառվող տեղեկություններից, ասել են թե ամեն ինչ լավ է։ Իսկ այդ ընթացքում Նվերը Ստեփանակերտում է եղել։ Երբ երկրի վիճակը ծայրահեղ ծանր էր արդեն, նրա ծնողները մի կերպ մայրաքաղաք են հասել գյուղի ընկերների օգնությամբ՝ նրանց մեքենաներով։

Արցախից Հայաստան են վերադարձել 3-4 օրում։ Եկել են, գրանցվել են և փորձել են տան խնդրի հարցը կարգավորել։ Ընկերոջ խորհրդով հասել են Վայոց ձորի մարզ՝ թեմապատկան «Սիրանույշ» ճամբար։ Այս պահին Նվերը իր ծնողների հետ ապրում է «Սիրանույշ» ճամբարում։

Նվերը գոհ է իր այժմյա ունեցածից, ապաստարանից, սակայն ունի մի մեծ ցանկություն․ նորից վերադառնալ Արցախ՝ իր տուն, և լսել Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու զանգերը։

Պատասխանել