ՊԱՏՄՈՒՄ ԵՆ ԱՐՑԱԽՑԻ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐԸ

Հրատարակված Վերջին նորություններ | 0
-Արցախում դժվար ենք ապրել, շա՛տ դժվար, երեխաներս մեծանում էին՝ հոգսերն էլ հետն էր մեծանում։ Ես էլ արդեն հինգ տարի է ինչ ամուսնալուծված եմ, առանց ամուսին շատ դժվար էր երեխաներ պահելը։
Չեմ աշխատել Արցախում որևէ տեղ, գյուղում աշխատատեղ չկար, երեխաներիս նպաստով և մեծ դստերս հիվանդության թոշակով էինք ապրում, գումարը չէր բավականեցնում լավ ապրելուն։ Երեխաներիս գումարից բացի գյուղատնտեսական աշխատանքով էի զբաղվում, եկամուտ վաստակում, անասնատեսակներ ունեի՝ կով, խոզ, ամեն ինչը թողեցի եկա, տունս, անասունները, ամեն ինչ թողեցի։ Մարդ էլ կար, անգամ փաստաթղթերը չկարողացավ վերցնել, պատուհանից հազիվ իջել, փախել են,  որովհետև անընդհատ խփում էին, կրակում էին, դուրս գալը շատ դժվար էր։
Երբ սկսվեցին օդային ձայները Մարտակերտում էինք, տուն էլ չենք հասել, հասել ենք հանքավայր, այնտեղից մեզ տարել են ռուսների մոտ (անցակետ), չորս օր մնացել ենք շրջափակման մեջ, չորս օրից հետո եկել ենք Ստեփանակերտ, երեք օր էլ այնտեղ ենք մնացել ու վերջապես հասել Հայաստան։
«Սիրանույշ» ճամբարի մասին դեռ 2020 թվականի 44-օրյա պատերազմից գիտեինք, մնացել ենք, ապրել ենք այստեղ։ Վայքում, երբ գրանցվեցինք, գնացինք Արմավիր գյուղ, բայց այնտեղի տան հարմարությունները լավ չէին, ես էլ զանգեցի ճամբար, ասացի, որ ուզում եմ ճամբար տեղափոխվել, եթե տեղ կա, ասացին տեղ կա, կարող եք գալ։ Տաքսի եմ կանչել, նստել ու եկել եմ ճամբար հինգ երեխաներիս՝ չափահաս դստերս և չորս անչափահաս որդիներիս հետ։
Ճամբարի առօրյան լավ է, երեխաները դպրոց են գնում, մենք էլ մեծահասակներով խոհանոցում, բակում զբաղվում ենք։
Ամեն ինչի կարիք էլ ունենք, բայց քանի ճամբարում ենք ապրում ամեն ինչով ապահովում են, ցավոք այլևս Արցախ չենք կարողանա գնալ, մնալու ենք Հայաստանում, իսկ ճամբարում ասել են այնքան կմնաք, որքան անհրաժեշտ լինի։Լաուրա Մարտիրոսյանը տեղահանվել է Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ գյուղից։

Պատասխանել