ՀԱՋՈՂՈՒԹՅԱՄԲ ԿՅԱՆՔԻ ԿՈՉՎԵՑ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՆՏԵԳՐԱՑԻՈՆ ԾՐԱԳԻՐԸ

Հրատարակված Վերջին նորություններ | 0

Փետրվարի 10-ից 12-ը «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ն իրականացրեց առաջին ինտեգրացիոն հավաքը ՀԿ-ի ինտեգրացիոն և երիտասարդական փոխանակման ծրագրերի շրջանակում։ Այս անգամ ևս ծրագիրը կյանքի կոչվեց Վայոց ձորի մարզի Հերմոն բնակավայրում տեղակայված «Լյուսի Տուր» հյուրանոցային հանգստավայրում։
Ինտեգրացիոն ծրագրի մասնակիցներն էին վերջին վեց ամիսների ընթացքում Հայաստան տեղափոխված անձինք, ովքեր կարիք ունեն ինտեգրվելու և ադապտացվելու նոր հասարակությանը։ Ծրագրի օրակարգի առաջին հատվածում նրանք հնարավորություն ունեցան ճանաչել միմյանց, մասնակցել տեսական և գործնական տարաբնույթ թեմաներով դասընթացների՝ այդ թվում խմբային բեմականացման, և կիսվել սեփական փորձով ու օրինակով։

Ծրագրի որդեգրած ավանդույթի համաձայն օրակարգի երկրորդ հատվածում կազմակերպվեց արշավ դեպի Արատեսի միջնադարյան վանական համալիր, որտեղ մասնակիցները ծանոթացան վանական համալիրի պատմությանը։ Օրվա շարունակությունն ուղեկցվեց հայկական պարերով։ Մասնակիցները սովորեցին ծիսական պարեր, մասնավորապես «Մածուն եմ դրել վըր դարում…» պարը, որը պարում են միայն կանայք։ Պարի վարպետության դասերը վարեցին Արշակ Հովհաննիսյանը և Աննա Հովսեփյանը։

Հանդիպման ընթացքում դասընթացներն իրականացրեց Հայաստանում Ամերիկյան համալսարանի դասախոս, «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ի անկախ փորձագետ Հարություն Հարությունյանը։ Կազմակերպչական աշխատանքներն իրականացրին ինտեգրացիոն ծրագրերի նախաձեռնող խմբի պատասխանատու Օկսանա Հարությունյանը և ՀԿ-ի աշխատակիցները։ «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ի հոգեբան, կամավոր Վիկտորյա Ազատյանը ներկայացրեց միգրացիայի վերաբերյալ ինտերակտիվ սեմինար։

Ծրագրի ողջ ընթացքում ներկա էին Հայ Առաքելական Եկեղեցու Վայոց ձորի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Աբրահամ Մկրտչյանը և «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ի աշխատակազմը։

Հիշեցնենք, որ այսօրինակ ծրագրերն իրականացվում են «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ի վաղեմի գործընկեր գերմանական «Brot für die Welt» (Հաց աշխարհին) կազմակերպության մշտական աջակցությամբ։

Եվ ինչպես նախորդ ծրագրերի դեպքում, այս անգամ նույնպես բոլոր ծախսերը՝ ներառյալ մասնակիցների տեղափոխումը Երևանից Եղեգնաձոր և հակառակ ուղղությամբ, սննդի և կեցության ծախսերն ամբողջությամբ հոգացել է «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ն։

Իսկ ծրագրի ավարտին, հետադարձ կապի ընթացքում մասնակիցները նշեցին, որ այսօրինակ ծրագրերի կազմակերպումը կարևոր և առաջնահերթ է։Եվ այդ ծրագրերն են հնարավորություններ ստեղծում միջմշակութային հաղորդակցության համար, նպաստում են Հայաստանում սոցիալական հարմարվողականությանը և ինտեգրմանը:

Պատասխանել