«ՊՏՂԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ԵՎ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԵՐՈՒՄ»

Հրատարակված Վերջին նորություններ | 0

Նոյեմբերի 16-ին «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ն և «Շեն» բարեգործական ՀԿ-ն ազդարարեցին
«Պտղաբուծության զարգացում Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերում» ծրագրի 5-ամյա փուլի ավարտը։

Ծրագիրը մեկնարկել էր 2018 թվականին շվեյցարական HEKS-EPER կազմակերպության
օժանդակությամբ։

Ծրագրի նպատակն այս երկու մարզերի տնտեսություններին օժանդակելն էր՝ ստանալու լրացուցիչ
եկամուտ մի կողմից ավելի շատ և ավելի որակով միրգ արտադրելու և իրացնելու, մյուս կողմից՝
ավելացված արժեքով արտադրանք թողարկելու՝ չոր մրգեր, սառնարանային տնտեսությունների, հյութերի
արտադրության միջոցով։

Ծրագրի շրջանակում Վայոց ձորի երկու տնկարանային տնտեսություններ օժանդակություն են ստացել
արտադրելու ժամանակակից շուկայի պահանջներին համապատասխան ավանդական և ինտենսիվ պտղատու
տնկիներ, հարյուրավոր այգեգործներ մասնակցել են պտղաբուծության վերաբերյալ կարողությունների
զարգացման տարբեր միջոցառումների՝ ուսուցումներ, փորձացուցադրություններ, փոխադարձ այցեր,
ֆերմերային խմբերը օժանդակություն են ստացել հիմնելու չրանոցներ, սառնարանային տնտեսություններ,
կոմերցիոն այգիներ կամ բարելավել ու ընդլայնել են արդեն իսկ ստեղծված տնտեսությունները։

2019 թվականին, հենց այս նույն ժամանակահատվածում, այս ծրագրի շրջանակում է կազմակերպվել
ոլորտի համար առաջին «Պտղաբուծության զարգացման ազգային համաժողով»-ը, որը հարթակ է
մեկտեղելու ոլորտի խնդիրների ու զարգացման հեռանկարների վերաբերյալ տարբեր դերակատարների
առաջարկությունները։

Երկարաժամկետ զարգացման հեռանկարներին օժանդակելուն զուգահեռ գործընկեր ՀԿ-ները շվեյցարական
HEKS-EPER կազմակերպության պատրաստակամության և ֆինանսական օժանդակության շնորհիվ
շահառու գյուղացիներին աջակցել են մեղմելու արտակարգ իրավիճակներով՝ համաճարակ, 44-օրյա
պատերազմ, սեպտեմբերի 13-14-ի ՀՀ հանդեպ ադրբեջանական ագրեսիա և ռազմական

գործողություններով պայմանավորված սոցիալ-տնտեսական բեռը։ Շահառուները ստացել են տնկիներ,
կարտոֆիլի ու հացահատիկի սերմացու, սածիլներ։

Փակման միջոցառմանը ներկա էին ծրագրի աջակից HEKS-EPER կազմակերպության ներկայացուցիչներ
Անի Ասատիանին, Բեկա Ուրուշաձեն, ծրագրի արտաքին գնահատող Իռակլի Ջավախիշվիլի, Վայոց
ձորի թեմի առաջնորդ Աբրահամ Մկրտչյանը, ՀՀ Էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչ Վարսիկ
Մարտիրոսյանը, ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Դավիթ Սարգսյանը, «Շեն» ԲՀԿ-ի
ներկայացուցիչները, Գեղարքունիքի մարզպետարանի ներկայացուցիչներ, նույն մարզի մարզպետարանի
գյուղատնտեսության ու բնապահպանության վարչության պետ Մարտին Պետրոսյանը, Ատգեն Արմենյան
Հիմնադրամի ներկայացուցիչ Անտուան Թերջանյանը, Վայոց ձորի մի շարք կառույցների
ներկայացուցիչներ, հեռուստաընկերություններ, «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ի աշխատակիցներ, ինչպես
նաև ծրագրի շահառուները, մարզի այգեգործները, ֆերմերները։ Ներկա հյուրերը հնարավորություն
ունեցան ծանոթանալու ծրագրի շահառուների այգիների արտադրանքին և համտեսելու բերքի պտուղները։

Միջոցառման ընթացքում իրենց ելույթով և շնորհակալական խոսքով հանդես եկան Վայոց ձորի թեմի
առաջնորդ Աբրահամ Մկրտչյանը, HEKS-EPER կազմակերպության վրաստանյան գրասենյակի տնօրեն
Բեկա Ուրուշաձեն, Էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչ Վարսիկ Մարտիրոսյանը, Վայոց ձորի
մարզպետի տեղակալ Դավիթ Սարգսյանը, Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության և
բնապահպանության վարչության պետ Մարտին Պետրոսյանը, ինչպես նաև ծրագրի ղեկավարներ Նաիրա
Հարությունյանը և Նվարդ Շահմուրադյանը։

Միջոցառման տեսական հատվածին հաջորդեցին հյուրասիրությունը և ընկերական ջերմ զրույցները։

 

 

 

Պատասխանել