ԿՅԱՆՔԻ ԿՈՉՎԵՑ ԵՎՍ ՄԵԿ ԻՆՏԵԳՐԱՑԻՈՆ ԾՐԱԳԻՐ ՈՒԿՐԱԻՆԱՅԻՑ ՀԱՅԱՍՏԱՆ ՏԵՂԱՓՈԽՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Հրատարակված Վերջին նորություններ | 0

2022 թվականի սեպտեմբերի 9-ից 11-ը «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ն իրականացրեց ինտեգրացիոն ծրագրի հինգերորդ շրջափուլը՝ ուկրաինացիների մասնակցությամբ։ Ծրագիրը տեղի ունեցավ Վայոց ձորի մարզի Հերմոն բնակավայրում տեղակայված «Լյուսի Տուր» հյուրանոցային հանգստավայրում։

Վերջին վեց ամիսների ընթացքում Հայաստան տեղափոխված երիտասարդների մասնակցությամբ «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ն կազմակերպում է ինտեգրացիոն ծրագրեր։ Ինտեգրացիոն ծրագրի այս հինգերորդ շրջափուլում երիտասարդները հնարավորություն ունեցան ճանաչել միմյանց, մասնակցել տեսական և գործնական տարաբնույթ թեմաներով դասընթացների, ինչպիսիք են.

-Հայի ինքնությունն ու ազգային տոկունությունը դժվարին ժամանակներում։

-ՄԱԿ ՓԳՀ-ի մանդատը և նրա աշխատանքը փախստականների հետ. գործընկերություն, համայնքային մոբիլիզացիա և կամավորություն, մշակութային բազմազանության և փոխանակման կարևորություն:

— Հայրենադարձության և միգրացիայի հոգեբանական ասպեկտներ։

Ինտեգրացիոն ծրագրի մասնակիցները հնարավորություն ունեցան առցանց հարթակում հանդիպել Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատարի գրասենյակի ռազմավարության մշակման վարչության պետ Հովհաննես Ալեքսանյանի հետ, որի ընթացքում ստացան հայրենադարձությանը վերաբերող մի շարք հարցերի պատասխաններ, այդ թվում՝ հայրենադարձներին բնակարանային ապահովում, ներդրումային պետական ​​ծրագրեր։

Ինտեգրացիոն ծրագրի իրականացման օրերին զուգահեռ թեմապատկան ​​«Սիրանուշ» ճամբարում իրենց հերթական հավաքն էին անցկացնում Վայք և Ջերմուկ համայնքների երիտասարդները, ովքեր ևս միացան ինտեգրացիոն ծրագրի մասնակիցներին և երեկոն անցկացրին խարույկի շուրջ՝ ազգային երգ ու պարով, երաժշտական կատարումներով։ Երեկոյի հյուրն էր նաև Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը։

Ծրագրի որդեգրած ավանդույթի համաձայն, կազմակերպվեց նաև արշավ՝ այս անգամ դեպի Հերմոն և Գողթանիկ բնակավայրերի տեսարժան վայրեր։ Իսկ ծրագրի մասնակիցներն արշավային օրը համադրեցին աղբահավաքության հետ՝ նպաստելով շրջակա միջավայրի մաքրությանը։

Ծրագրի ողջ ընթացքում դասընթացները վարեց Հայաստանում Ամերիկյան համալսարանի դասախոս, «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ի անկախ փորձագետ Հարություն Հարությունյանը։

Տեսական և գործնական դասընթաց անցկացրեց նաև Հայաստանում ՄԱԿ-ի Փախստականների Գործակալության (UNHCR) ներկայացուցիչ ՄԱԿ ՓԳՀ արտաքին կապերի պատասխանատու Անահիտ Հայրապետյանը։

«Սյունիք-Զարգացում» ՀԿ-ի հոգեբան, կամավոր Վիկտորյա Ազատյանը ներկայացրեց ինտերակտիվ սեմինար՝ նվիրված հայրենադարձության և միգրացիայի դեպքերում մարդու սոցիալ-հոգեբանական վիճակին:

Ինտեգրացիոն ծրագրին ներկա էին Հայ Առաքելական Եկեղեցու Վայոց ձորի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Աբրահամ Մկրտչյանը և «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ի աշխատակազմը։

Հիշեցնենք, որ այսօրինակ ծրագրերն իրականացվում են «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ի վաղեմի գործընկեր գերմանական «Brot für die Welt» (Հաց աշխարհին) կազմակերպության աջակցությամբ։

Ինչպես նախորդ ծրագրերի դեպքում, այս անգամ նույնպես բոլոր ծախսերը՝ ներառյալ մասնակիցների տեղափոխումը Երևանից Եղեգնաձոր և հակառակ ուղղությամբ, սննդի և կեցության ծախսերն ամբողջությամբ հոգացել է «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ն։

Պատասխանել