ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴԸ ԵՎ «ՍՅՈՒՆԻՔ-ԶԱՐԳԱՑՈՒՄ» ՀԿ-Ի ԱՇԽԱՏԱԿԱԶՄԸ ՄԱՍՆԱԿՑԵՑԻՆ «ԱՐՑԱԽԻ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ» ԽՈՐԱԳՐՈՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻՆ

Հրատարակված Վերջին նորություններ | 0

2022 թվականի հուլիսի 15-19-ը գերմանացի և հայ պրոֆեսորների ու հայտնի մասնագետների նախաձեռնությամբ իրականացավ միջազգային գիտաժողով, որի հյուրընկալող կողմերն էին ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետը և Հայ Առաքելական Եկեղեցու Վայոց ձորի թեմը։

Միջազգային գիտաժողովի իրականացման հիմնական նպատակն Արցախի մշակույթի և նրա պահպանության խնդիրների վեր հանումն ու լուծման ուղիների դուրս բերումն էր։

Հուլիսի 18-ին միջազգային գիտաժողովի անդամները, Ամերիկյան համալսարանի դասախոս, ԵՊՀ Միջմշակութային կրոնագիտական կենտորնի գիտաշխատող և «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ի անկախ փորձագետ դոկտոր Հարություն Հարությունյանի ուղեկցությամբ այցելեցին Վայոց ձորի մարզ։ Մարզի պատմական վայրերի ծանոթացումից հետո միջազգային գիտաժողովի անդամներն այցելեցին նախ Նորավանք և մասնակցեցին օրհնության արարողությանը։ Ողջույնի ջերմ խոսքերով նրանց դիմավորեց Տ․ Զարեհ վրդ․ Կաբաղյանը։

Այնուհետև մասնակիցները հյուրընկալվեցին «Լյուսի Տուր» հանգստյան գոտում։ Այնտեղ նրանց դիմավորեցին Վայոց ձորի թեմի առաջնորդ Տ․ Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը, «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ի աշխատակիցներն ու «Մաշտոց» հրատարակչական հիմնադրամի ներկայացուցիչները։

Հանդիպման մեկնարկը տրվեց կողմերի ծանոթացմամբ, իսկ հետո Վայոց Ձորի թեմի առաջնորդ Աբրահամ Մկրտչյանը ներկայացրեց թեմի և «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ի համատեղ իրականացրած և ընթացիկ իրականացվող ծրագրերի մասին, որոնք սատարվում են նաև գերմանական եկեղեցական հիմնադրամների կողմից։

Թեմի առաջնորդի զեկույցում մատնանշվեց արցախյան պատերազմից մազապուրծ եղած անձանց աջակցության, ապաստարանով ապահովման, սննդի, հիգենիայի պարագաների տրամադրման, երեխաների կրթության ապահովման, ինչպես նաև ներկա պահին Ուկրաինայից Վայոց Ձոր տեղափոխված փախստականներին տրամադրվող աջակցության մասին։ Այս անգամ ևս նրանք  ստանում են սնունդ, հագուստ, տնտեսական, հիգենիայի և այլ պարագաներ։ Բացի դրանից իրականացվում են մանկապարտեզային տարիքի երեխաների կրթության, դեռահասների ամառային ճամբարների և երիտասարդների ինտեգրացման ծրագրեր։

Զեկույցից հետո գիտաժողովի անդամները հանդես եկան մեկնաբանություններով, հարց ու պատասխանով։ «Չլուծված աշխարհագրություններ» զեկույցով հանդես եկավ  Եկեղեցիների Համաշխարհային Խորհդրի ներկայացուցիչ Անի Ղազարյանը։ Դրան հաջորդեց «Հայ Առաքելական եկեղեցին և էկումենիկ շարժումը» թեման, որը ներկայացրեց Բենսհայմի Միջեկեղեցական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Դագմար Հելլերը։

Գիտաժողովի 4-րդ նիստի ավարտին գիտնական և սոցիոլոգ, Բեռլինի համալսարանի գիտաշխատող, հայոց ցեղասպանության մասին գրված բազմաթիվ գրքերի հեղինակ Տեսսա Հոֆմանը ներկայացրեց «Հայկական նյութական մշակութային կոթողների պաշտպանությունն Արցախում» զեկույցը, որից հետո տեղի ունեցավ քննարկում, գիտաժողովի անդամները բարձրացրին տարբեր հարցեր և առաջարկներ։

Հուլսիսի 19-ին գիտաժողովի հինգերորդ նիստն ամբողջությամբ նվիրված էր Արցախի արվեստին և մշակույթին։ Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի և Երևանի պետական համալսարանի մի քանի գիտնականներ հանդես եկան Արցախի մշակույթի և արվեստի վերաբերյալ իրենց զեկույցներով:

Իր շնորհակալական ուղերձով ներկաներին ողջունեց ու առաջիկայում համագործակցության հրավեր հնչեցրեց Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը։

Կազմակերպիչների առաջարկությամբ որոշվեց կրկին հրապարակել մի նոր և համատեղ կոչ՝ ի պաշտպանություն Արցախի մշակութային կոթողների։

Հավարտ նիստերի գիտնականների խումբն այցելեց Եղեգիսի Զորաց տաճար և միջնադարյան հրեական գերեզմանատուն, ինչը բնականաբար մեծ տպավություն թողեց գերմանացի գործընկերների վրա։ Օրվա վերջում բոլորը ցանկություն հայտնեցին կրկին այցելելու Հայաստան և ամեն կերպ աջակցելու արցախահայության խնդիրներին։

Պատասխանել