ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԵՎՍ ՄԵԿ ԾՐԱԳԻՐ ՇՎԵՅՑԱՐԻԱՅՈՒՄ

Հրատարակված Վերջին նորություններ | 0

Տասը երկրների՝ Եգիպտոսի, Թուրքիայի, Իտալիայի, Լեհաստանի, Հայաստանի, Մեծ Բրիտանիայի, Մոլդովայի, Շվեյցարիայի, Ռումինիայի և Վրաստանի ներկայացուցիչները, հունիսի 15-20-ը հնարավորություն ունեցան մասնակցելու շվեյցարական Youth Exchanges without Borders կազմակերպության նախաձեռնությամբ իրականացվող միջազգային երիտասարդական փոխանակման ծրագրին։

Յուրաքանչյուր երկրից մասնակցում էր 1-3 անձ, այդ թվում՝ «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ի երիտասարդական ծրագրերի համակարգող Հասմիկ Գալստյանը և ՀԿ-ի գործընկեր, Ամերիկյան համալսարանի շարունակական կրթության բաժնի Վայոց ձորի համակարգող Հայարփի Աղախանյանը։

Տարիներ շարունակ իրականացվող միջազգային երիտասարդական ծրագրի նպատակն է ապահովել փորձի փոխանակում և ստեղծել կապեր տարբեր երկրների մասնակիցների շրջանում, ինչպես նաև երիտասարդների շրջանում տարածել այնպիսի կարևոր հմտություններ ու գիտելիքներ, ինչպիսիք են առաջին բուժօգնությունը և արտակարգ իրավիճակներում ճիշտ կողմնորոշումը։

Փոխանակման ծրագիրը հնարավորություն տվեց երիտասարդներին ամրապնդել իրենց գիտելիքները, ձեռք բերել նորը՝ «Երիտասարդական համախմբում» ՀԿ-ի երիտասարդներին փոխանցելու նպատակով և ստեղծել ամուր կապեր՝ հետագայում այդօրինակ ծրագրեր իրականացնելու համար:

Նշենք նաև, որ սույն թվականի օգոստոսի 6-12-ը «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ն շվեյցարական Youth Exchanges without Borders կազմակերպության հետ համագործակցությամբ հյուրընկալելու է շվեյցարիացի երիտասարդների, որոնք վայոցձորցի երիտասարդների հետ կմասնակցեն միջազգային երիտասարդական փոխանակման ևս մեկ ծրագրի, այս անգամ Վայոց ձորի մարզում։

«Սյունիք-Զարգացում» ՀԿ-ն մշտապես խթանում է երիտասարդների ակտիվ մասնակցությունը միջազգային փոխանակման ծրագրերին և պատրաստ է աջակցել նրանց նմանատիպ նախաձեռնություններում:

Պատասխանել