«ՍՅՈՒՆԻՔ-ԶԱՐԳԱՑՈՒՄ» ՀԿ-Ն ԱՏԳԵՆ ԱՐՄԵՆՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՏՐԱՄԱԴՐԵՑ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԱՎՏՈՄԵՔԵՆԱ ԵՂԵԳՆԱՁՈՐ ՔԱՂԱՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԱՎՏՈԴՊՐՈՑԻՆ

2021 թվականից ի վեր «Գիտելիք» համալսարանում գործող ավտոդպրոցը հնարավորություն է տալիս 17 և բարձր տարիքի անձանց պատրաստվել որպես հմուտ և ճանապարհային կանոններին տիրապետող վարորդներ։

Դասապրոցեսի ընթացքում նրանք հնարավորություն են ունենում սովորել ճանապարհային երթևեկության կանոնները և գործնականում կիրառել սեփական գիտելիքները։

Ուսուցման գործնական ընթացքն առավել արդյունավետ կազմակերպելու համար «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ն, Ատգեն Արմենյան Հիմնադրամի հետ համագործակցությամբ, ի դեմս Թոնի Հալեպլի ընտանիքի, ավտոդպրոցին նվիրել է նոր ուսումնական ավտոմեքենա, որը համապատասխանում է գործնական դասերի բոլոր անհրաժեշտ պայմաններին։

Ավտոդպրոցում ուսանողները սովորում են վարել և՛ մեխանիկական, և՛ ավտոմատ կառավարման համակարգերով։

Ուսանողներից Անի Ասատրյանը, անդրադառնալով դպրոցի դերին և կարևորությանը, նշեց, որ որքան էլ ինքնուրույն փորձում են սովորել, միևնույն է՝ երթևեկության կանոններին մանրամասն ծանոթացնող և իրենց առաջնորդող պետք է լինի, իսկ ստացած գիտելիքները գործնականում կիրառելը ուսումնական հատուկ մեքենայով և  դասախոսի օգնությամբ վարորդական ուսումնական գործընթացի կարևոր բաղադրիչներն են։

Մինչ այժմ դպրոցն ունեցել է 40 ուսանողներ։

Պատասխանել