ԿՅԱՆՔԻ ԿՈՉՎԵՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԵՐԿՐՈՐԴ ՇՐՋԱՓՈՒԼԸ

Հրատարակված Վերջին նորություններ | 0

Մայիսի 27-ից  29-ը «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ն իր երիտասարդական ծրագրերի շրջանակում իրականացրեց միջազգային երիտասարդական փոխանակման ծրագրի երկրորդ շրջափուլը Վայոց ձորի մարզի և ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով Հայաստան տեղափոխված երիտասարդների մասնակցությամբ։ Շրջափուլն իրականացավ «Լյուսի տուր» հյուրանոցային հանգստավայրում։

Ծրագրի ընթացքում երիտասարդները հնարավորություն ունեցան մասնակցելու տարատեսակ թեմաներով տեսական և գործնական դասընթացների, ինչպիսիք են արդյունավետ հաղորդակցություն միջմշակութային հարաբերություններում, հայրենադարձություն, միգրացիա և ինտեգրացում, խմբային բեմականացում, գաղափարական կոնտենտի մշակում և այլն։

Նույն օրերին «Երիտասարդական համախմբում» ՀԿ-ի երիտասարդները թեմապատկան «Սիրանույշ» ճամբարում ունեին իրենց հերթական հավաքը։ Ծրագրի մասնակիցները հնարավորություն ունեցան մասնակցելու նրանց կողմից կազմակերպած արշավներին, երեկոյան խարույկի միջոցառմանը, երաժշտական երեկույթին, որի ընթացքում ներկայացվեցին ազգային երգ ու պարեր, դերային խաղեր։

Հանդիպման երրորդ օրը փոխանակման և «Երիտասարդական համախմբում» ծրագրի 125 մասնակիցները կազմակերպեցին արշավ դեպի Արատեսի վանական համալիր։

Արատեսի գեղատեսիլ բնության ծանոթացումից և էքսկուրսիայից հետո մասնակիցները հանդիպեցին ՀՀ Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի գրասենյակի ռազմավարությունների մշակման բաժնի պետ, հայրենադարձության հարցերի պատասխանատու Հովհաննես Ալեքսանյանի հետ։ Հանդիպման ընթացքում պրն Ալեքսանյանը ներկայացրեց Հայաստան տեղափոխված անձանց ուղված աջակցության ծրագրերը, իսկ մասնակիցների կողմից հնչեցին հետաքրքրող հարցեր։

Ավարտին շնորհակալական խոսքով հանդես եկան բոլոր մասնակիցները՝ անդրադառնալով նման նախաձեռնությունների կարևորությանը, շարունակականությանը, նոր կապերի ստեղծմանը և նոր ընկերների ձեռք բերմանը։

Հանդիպման ողջ ընթացքում դասընթացներն իրականացրեց Ամերիկյան համալսարանի դասախոս, «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ի անկախ փորձագետ Հարություն Հարությունյանը։ Հայրենադարձություն թեմային անդրադարձավ բլոգեր, խոսնակ Արշալույս Ավագյանը։ Փոխանակման ծրագրի ողջ ընթացքում ներկա էին Գերաշնորհ Տեր Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը և «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ի աշխատակիցներ։

Ծրագիրը կրելու է շարունակական բնույթ։ Դա լավագույն առիթն է նաև ակտիվացնելու Վայոց ձորի երիտասարդներին։

Բոլոր ծախսերը՝ ներառյալ մասնակիցների տեղափոխումը Երևանից Եղեգնաձոր և հակառակը, սննդի, կացարանի ծախսերն ամբողջությամբ հոգացել է «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ն։

————————————————————————————————-

Հիշեցնենք, որ երիտասարդական ծրագրերի իրականացումը, նոր համագործակցությունների ստեղծումն ու դրանց պահպանումն առաջնահերթ են «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ի աշխատանքային օրակարգում։

 

 

Պատասխանել