«ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՀԱՄԱԽՄԲՈՒՄ» ՀԿ-Ի ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՀԱՄԱԽՄԲՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ԵՐՐՈՐԴ ՇՐՋԱՓՈՒԼԸ ՄՈՏԵՑԱՎ ԱՎԱՐՏԻՆ

Հրատարակված Վերջին նորություններ | 0

Փետրվարի 11-ից 13-ը գիտելիքներով զինվելու, համայնքի զարգացմանը նպաստելու ակնկալիքով Ջերմուկ խոշորացված համայնքի 42 երիտասարդներ համախմբվեցին Վայոց ձորի մարզի թեմապատկան «Սիրանույշ» ճամբարում։

Համախմբման շրջանակներում երիտասարդներին այցելեց ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության աշխատակից Աղասի Հովհաննիսյանը։ Պրն․ Հովհաննիսյանը երիտասարդներին ներկայացրեց մարզում սպորտի զարգացման հնարավորությունների և կազմակերպվող սպորտային միջոցառումների մասին, քննարկվեցին պետական և մարզային մրցույթների մասնակցությանն առնչվող հարցերը, ինչպես նաև ներկայացվեց Ջերմուկ խոշորացված համայնքում սպորտի զարգացման հնարավորությունների մասին։

Երիտասարդներն անմասն չմնացին ԱԻՆ ներկայացուցիչների կողմից իրականացվող տեսական և գործնական դասընթացներից, կրկին զինվելով արտակարգ իրավիճակներում արագ և օպերատիվ արձագանքման անհրաժեշտ գիտելիքներով և կարողություններով։

ՊՆ Վայոց ձորի մարզի սպայական կազմն այս անգամ ևս հնարավորություն տվեց երիտասարդ մասնակիցներին ծանոթանալ զինվորական գրագիտության առաջնային անհրաժեշտության գիտելիքներին։

Երիտասարդներին այցելեցին «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ի անկախ փորձագետ, Հայաստանի Ամերիկյան համալսարանի դասախոս Հարություն Հարությունյանը և սփյուռքահայ բարերար Դավիթ Օրդոյանը, որն աջակցել է Արցախի և Հայաստանի սահմանամերձ գյուղերին։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին համայնքում առկա, առաջնահերթ լուծումներ պահանջող խնդիրները։

Հանդիպումներն այսքանով չավարտվեցին․ եռօրյա հավաքի ընթացքում տեղի ունեցավ հանդիպում ՊՈԳԱ (Պետականությունը որպես գերագույն արժեք) ռազմահայրենասիրական դպրոցի համահիմնադիր, ծնունդով Ջերմուկից, Օնիկ Պապոյանի հետ։ Այցի ընթացքում քննարկվեց «Երիտասարդական համախմբում» ՀԿ-ի հետ հնարավոր համագործակցությունները։

Եռօրյա հավաքն այս անգամ լեցուն էր ազգային երգ ու պարերով։

Փետրվարի 12-ը Սուրբ Սարգիս զորավարի հիշատակության և երիտասարդների օրհնության օրն է։ Ջերմուկ համայնքի երիտասարդները հրավիրված էին Եղեգիսի համայնքապետարանի կողմից կազմակերպված Ս․ Սարգիս և Տեառնընդառաջ տոների արարողությանը։ Նրանք այցելեցին Եղեգիս բնակավայրում գտնվող Զորաց եկեղեցի, աղոթեցին Սբ. Սարգսի բարեխոսության համար, ստացան օրհնություն Վայոց Ձորի թեմի հոգևոր սպասավոր Տեր Հովհաննես քահանա Մաթևոսյանից։ Այնուհետև հնչեց ավանդական երաժշտություն, երիտասարդները երգեցին, պարեցին հայկական ավանդական զանազան պարեր։

Ավանդույթ դարձած դրամաշնորհին արժանացավ Ջերմուկ խոշորացված համայնքի Կեչուտ բնակավայրը։ Ըստ դրամաշնորհային հայտի, բնակավայրում երիտասարդներին ակտիվացնելու, ժամանց ապահովելու և համախմբելու համար, բնակավայրում առկա խաղահրապարակին կից կտեղադրվի փայտե ճոճանակ, կիրականացվեն բարեկարգման աշխատանքներ։ Ծրագրի թիրախային խմբերը համարվում են երիտասարդները և երեխաները։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 200,000 ՀՀ դրամ, որից 160,000 ՀՀ դրամը տրամադրելու է «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ն «Բնակչության կենսապայմանների բարելավում» ծրագրի շրջանակներում։

Դրամաշնորհի արժանացած գաղափարն առաջադրող Վարդուհի Բագրատյանը հավաքի ընթացքում իր «Տար ինձ քեզ հետ դեպի արև» հեղինակային գիրքը նվիրեց համախմբման երիտասարդներին։

Ջերմուկ խոշորացված համայնքի երիտասարդությունը հավաքի ավարտին կրկին ստացավ նվերներ «Հուսո տուն բարեգործական կենտրոն» հիմնադրամից։ Համախմբման կարևոր մաս էին ինտելեկտուալ խաղերը ևս։

Հավաքի ավարտին երիտասարդներին շնորհվեցին հավաստագրեր։

Պատասխանել