«ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՀԱՄԱԽՄԲՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ԵՐՐՈՐԴ ՇՐՋԱՓՈՒԼԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԹԵՄԱՊԱՏԿԱՆ «ՍԻՐԱՆՈՒՅՇ» ՃԱՄԲԱՐԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ ԷՐ ԱՐԵՆԻ ԽՈՇՈՐԱՑՎԱԾ ՀԱՄԱՅՆՔԻ ԱԿՏԻՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻՆ

Հրատարակված Վերջին նորություններ | 0

2022 թվականի հունվարի 14-ից 16-ը «Երիտասարդական համախմբում» ՀԿ-ի կողմից իրականացվող «Երիտասարդական համախմբում» ծրագիրը կյանքի կոչվեց Արենի խոշորացված համայնքի ակտիվ երիտասարդների մասնակցությամբ։

Թեմապատկան «Սիրանույշ» ճամբարում համախմբվեցին ավելի քան 55 երիտասարդներ շուրջ 9 բնակավայրերից, այդ թվում Ագարակաձոր, Աղավնաձոր, Արենի, Արփի, Գնիշիկ, Ելփին, Խաչիկ, Չիվա և Ռինդ։

Երրորդ շրջափուլի եռօրյա հավաքի ընթացքում ԱԻՆ ներկայացուցիչներն իրականացրին դասընթացներ արտակարգ իրավիճակներում  արագ և օպերատիվ արձագանքման անհրաժեշտ գիտելիքների և հմտությունների փոխանցմամբ։ Դասընթացը վարեցին Վայոց ձորի փրկարար ծառայության փոխգնդապետ Սուրեն Հարությունյանը և մարզային փրկարար ծառայության վարչության և ճգնաժամային կառավարման կենտրոնի ավագ հրահանգիչ, փրկարար ծառայության կապիտան Նիկոլայ Մկրտչյանը։

Երիտասարդների եռօրյա հավաքների ընթացքում իրականացվեց ՊՆ աշխատակիցների կողմից կազմակերպված «Զինվորական գրագիտություն» թեմայով դասընթաց տեսական և գործնական գիտելիքների կիրառմամբ։

Երիտասարդները հնարավորություն ունեցան ձեռք բերելու նոր գիտելիքներ և կարողություններ տեղական ինքնակառավարումից և ՏԻՄ-ից ևս։ Դասընթացն անցկացրեց Եղեգիս խոշորացված համայնքի «Տնտեսական զարգացման պատասխանատու» Շուշան Դանիելյանը։

Երիտասարդները զինվեցին տեղական ինքնակառավարման մասին գիտելիքներով նաև ինտելեկտուալ խաղերի միջոցով։

Համախմբման շրջանակներում երիտասարդները ներկայացրին իրենց բնակավայրերի զարգացմանը նպաստող ծրագրեր, որոնք հանձնարարվել էին դեռևս նախորդ հավաքների ընթացքում։

Ձևավորված հանձնաժողովի անդամների որոշմամբ Արենի խոշորացված համայնքի Արենի բնակավայրն արժանացավ դրամաշնորհի «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ի «Վայոց ձորի համայնքների բնակչության կենսապայմանների բարելավում» ծրագրի շրջանակում։

Դրամաշնորհի արժանացած ծրագրի նպատակն է աղբի տեսակավորման մշակույթի զարգացումն Արենի բնակավայրում և պլաստիկե ու ապակե աղբի վերամշակման հանձնումը։ Այդ ծրագրի իրականացմամբ երիտասարդներն ակնկալում են ունենալ մաքուր շրջակա միջավայր, գիտակից հասարակություն, երիտասարդների զբաղվածության ապահովում և իհարկե կայուն բիզնես ապագայում, որի գործունեությունը կուղվի համայնքի զարգացմանը։

Գաղափարի զարգացման շնորհիվ երիտասարդները հնարավորություն կունենան աղբի տեսակավորման մշակույթը և վերամշակումն իրականացնել և զարգացնել նաև հարակից բնակավայրերում։ Ծրագիրը հանդես է գալու արդեն մտածված «Սոցիալական ձեռնարկատիրություն» հայեցակարգով։

Ծրագրի իրականացման համար «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ն երիտասարդներին տրամադրում է 160 000 ՀՀ դրամ։

Եռօրյա հավաքների կարևոր մաս են կազմում մշակութային միջոցառումները ևս։ Այս անգամ նույնպես երիտասարդները զերծ չմնացին մշակութային փոքր միջոցառումների մասնակցությունից։

Պատասխանել