«ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՀԱՄԱԽՄԲՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼԻ ԵՐՐՈՐԴ ՀԱՎԱՔԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ ԽՈՇՈՐԱՑՎԱԾ ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱԿՏԻՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐՆ ԷԻՆ

Հրատարակված Վերջին նորություններ | 0

«Երիտասարդական համախմբում» ծրագրի շրջանակներում թեմապատկան «Սիրանույշ» ճամբարը հյուրընկալել էր Եղեգիս խոշորացված համայնքի ակտիվ երիտասարդներին «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ի նախաձեռնությամբ։

Այս անգամ երիտասարդների եռօրյա հավաքների մեկնարկը տրվեց ԱԻՆ աշխատակիցների կողմից կազմակերպած տարհանման դասընթացով։

Դասընթացը վարում էին Վայոց ձորի փրկարար ծառայության փոխգնդապետ Սուրեն Հարությունյանը, մարզային փրկարար ծառայության վարչության և ճգնաժամային կառավարման կենտրոնի ավագ հրահանգիչ, փրկարար ծառայության կապիտան Նիկոլայ Մկրտչյանը և փրկարար ծառայության ջոկատի սերժանտ Արսեն Այվազյանը։

Դասընթացի տեսական մասի ներկայացումից հետո իրականացվեց գործնական աշխատանք, որի ընթացքում ցուցադրվեց, թե երկրաշարժի և այլ արտակարգ իրավիճակների ժամանակ ինչպես կարելի է անվնաս դուրս գալ շինությունից։ Ազդանշանի միանալուն պես Եղեգիս համայնքի երիտասարդները դուրս եկան շինությունից, որոշ մասնակիցներ, այդ թվում՝ Մերի Քարամյանը, Խաչիկ Սահակյանը, Վեհանձ Մնացականյանը և այլք, տարհանվեցին  պարանների օգնությամբ երրորդ հարկից։

Երիտասարդներին այցելեցին նաև ՊՆ աշխատակիցներ և ներկայացրին «Զինվորական պատրաստվածություն» թեմայով դասընթաց կրկին գործնական աշխատանքների կիրառմամբ։

Ինչպես Արենի և Գլաձոր համայնքների երիտասարդների հավաքների ընթացքում, այդպես էլ Եղեգիս համայնքի երիտասարդների հավաքին «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ի ներկայացուցիչները ներկայացրին ՀԿ-ի «Վայոց ձորի համայնքների բնակչության կենսապայմանների բարելավում» ծրագրի շրջանակում իրականացվող ենթադրամաշնորհային ծրագրերի մասին։

Այդպիսիք նպատակ ունեն աջակցելու երիտասարդական, համայնքային նշանակության ծրագրերի նախաձեռմանն ու իրականացմանը։

Համախմբման շրջանակներում երիտասարդներին այցելեց Արենի համայնքապետարանի աշխատակից, 44-օրյա պատերազմի մասնակից «Մարտական խաչ» շքանշանակիր Մհեր Ասատրյանը։  Մ․ Ասատրյանի հետ հանդիպման ընթացքում երիտասարդներն ունեցան  քննարկում հայրենիք-հայրենասիրություն-պետություն թեմայով։

Եղեգիս համայնքի համայնքապետ Արթուր Ստեփանյանը, Հերմոն բնակավայրի վարչական շրջանի ղեկավար Գայ Օհանյանը և Եղեգիս բնակավայրի վարչական շրջանի ղեկավար Արմեն Հակոբյանը նույնպես այցելեցին համախմբման երիտասարդներին։

Երիտասարդները բարձրացրին համայնքում առկա խնդիրները, քննարկեցին և առաջարկեցին լուծումներ համայնքապետի և վարչական շրջանների ներկայացուցիչների հետ։

Համայնքի ղեկավար Ա․ Ստեփանյանը պատրաստակամություն հայտնեց համայնքի բյուջեում ավելացնել տող, ըստ որի համայնքում նույնպես կիրականացվի համախմբման նմանատիպ հավաքներ։

Եղեգիս համայնքի տնտեսական զարգացման պատասխանատու Շուշան Դանիելյանը կազմակերպեց ինտելեկտուալ և ժամանցային խաղեր, մրցույթներ, որոնց ընթացքում մասնակիցներն իրենց ջոկատներով մրցում էին միմյանց դեմ։

Ինտելեկտուալ խաղերի, կազմակերպած տարբեր մրցույթների ընթացքում հաղթող մասնակիցներին շնորհվել են հավաստագրեր և նվերներ։

 

 

Պատասխանել