ՄԵՂՎԱՊԱՀՈՒԹՅՈՒՆԸ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՈՂ ՃՅՈՒՂ

Հրատարակված Վերջին նորություններ | 0

Հայաստանում մեղվապահությունն աչքի է ընկնում իր բարձր եկամտաբերությամբ: Մեղվապահության զարգացումը Վայոց ձորի մարզում «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ի առաջնահերթություններից է։ ՀԿ-ն կանադական  «Ատկեն Արմենիան» հիմնադրամի օժանդակությամբ և «Թեքեյան մշակութային միություն» ընկերության հայաստանյան ներկայացուցչության ու «Վերադարձ դեպի Քաշաթաղ» ՀԿ-ի հետ համագործակցելով իրականացնում է «Մեղվապահության զարգացում Վայոց ձորի մարզում» ծրագիրը, որի նպատակն է՝

  • աջակցել մարզի մեղվապահներին զարգացնել իրենց մասնագիտական կարողություններն ու հմտությունները,
  • նվազեցնել մարզի գյուղական համայնքների աղքատությունը,
  • նպաստել Վայոց ձոր մարզի գյուղական համայնքների ֆերմերային տնտեսությունների կարողությունների և նրանց միջև փոխհամագործակցության զարգացմանը,
  • բարելավել արտադրվող արտադրանքի որակը, ինչպես նաև օժանդակել արտադրության ծավալի ավելացմանը և մեղրի իրացմանը։

Ծրագրի գործունեության արդյունքում Վայոց ձորի ավելի քան 14 բնակավայրերի 35 մեղվապահներ ներկայացնում են իրենց անարատ և մաքուր մեղրը՝ «Լեռնային հրաշք» ապրանքանիշի միջոցով։ «Լեռնային հրաշք»-ն այս տարի ևս իր մասնակցությունն ունեցավ «ARMENIA EXPO 2021» ցուցահանդես-ֆորումին, որտեղ մեղրի հետ մեկտեղ ներկայացված էին նաև Վայոց ձորի ֆերմերների կողմից մարզի արևահամ մրգերից պատրաստված բնական չրերը։ Ցուցահանդեսի ընթացքում «Լեռնային հրաշք» մեղրը համտեսեցին ավելի քան 500 մեղրասերներ, որոնք բարձր գնահատեցին Վայոց ձորի բազմածաղկային մեղրի համն ու հոտը։

«ARMENIA EXPO 2021» ցուցահանդես-ֆորումի ընթացքում ծրագիրը ստացավ գյուղ մթերքի վաճառքով զբաղվող կառույցների, սուպերմարկետների և անհատների կողմից «Լեռնային հրաշք» մեղրը Հայաստանում և արտերկրում ներկայացնելու և սպառելու մի շարք առաջարկներ։

Ցուցահանդես-ֆորումի  ավարտին մասնակիցներին տրվեցին հավաստագրեր։

Պատասխանել