ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ ԵՆ ԱՇԽԱՐՀԸ «ԷՐԱԶՄՈՒՍ+»-Ի ՀԵՏ

Հրատարակված Վերջին նորություններ | 0

Այս անգամ երիտասարդների բացահայտումների ուղին տանում էր դեպի Իսպանիա:

Սեպտեմբերի 25-30-ը «Էրազմուս+» ծրագրի շրջանակներում «Գյուղական մշակույթի զարգացումը երիտասարդ աշխատողների համար» թեմայով աշխատանքային այցը «Youth Workers And Rural Heritage Development» խորագրի ներքո տեղի ունեցավ Իսպանիայի Կանտաբրիա շրջանում:

Ծրագրին մասնակցում էին Հայաստանի, Իսպանիայի, Իտալիայի, Եգիպտոսի և Ռումինիայի խմբերը:

Ծրագրին մասնակցությունը հնարավոր էր դարձրել YIC Gyumri — Youth Initiative Centre NGO-ն։

Հայաստանի Հանրապետությունից աշխատանքային այցի մասնակիցները 4-ն էին, այդ թվում` «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ի երիտասարդական ծրագրերի համակարգող Հասմիկ Գալստյանը:

Հյուրընկալող կողմը «Asociación Ser Joven» կազմակերպությունն էր։

Ծրագրի հիմնական նպատակն էր ցույց տալ մասնակիցներին, թե ինչպես է պահպանվում Իսպանիայում գյուղական մշակույթը երիտասարդների շնորհիվ և ինչ դեր ունեն երիտասարդներն այդ մշակույթի պահպանման, տեսանելիության բարձրացման ու զարգացման գործում:

«Սյունիք-Զարգացում» ՀԿ-ի երիտասարդական ծրագրերի համակարգող Հասմիկ Գալստյանը պատմեց գերհագեցած, արդյունավետ և հետաքրքիր աշխատանքային այցի ընթացքում բացահայտած Կանտաբրիա ինքնավար շրջանին բնորոշ մշակութային և պատմական առանձնահատկությունների մասին:

 

Աշխատանքային այցի ժամանակ տեղի էր ունեցել հանդիպում «Սանտանդերի երիտասարդական բաժնի» պատասխանատուների հետ, որի ընթացքում նրանք ներկայացրել էին իրենց համայնքներում երիտասարդական հարցերի կարգավորման նորմերը և քննարկել դրանք:

Երիտասարդ մասնակիցները բացահայտել էին  տարածաշրջանի յուրահատուկ խոհանոցից մինչև «Սոբրելիանո»-ի պալատը, հռոմեական հնավայրերից մինչև գինու-օղու արտադրամասը:

Խմբերն այցելել էին նաև «Ռեինոսայի ազգային փառատոն»,«Սանտիլիաս»-ի գողտրիկ անկյուններ, «Պոտես»-ի 13-րդ դարից գործող գյուղմթերքի շուկա:

Հասմիկը նշեց, որ կանտաբրիացիները լավագույնս են պահպանում իրենց ավանդույթները, հատկապես Ռեինոսա քաղաքում, որտեղ տեղական փառատոնին գրեթե բոլորը մասնակցում էին ազգային տարազով։

Աշխատանքային այցը հնարավորություն է տվել երիտասարդ մասնակիցներին գյուղական մշակույթի և այդ մշակույթի ներկայացման ձևերի մասին ամբողջական պատկերացում կազմել, դրանք կիրառել սեփական երկրում:

«Սյունիք-Զարգացում» ՀԿ-ն մշտապես խթանում է երիտասարդների մշակութակենտրոն գործունեությանը և պատրաստ է աջակցել նրանց նմանատիպ նախաձեռնություններում, որոնք կնպաստեն հայ հասարակության առաջընթացին:

Պատասխանել