ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՀԱՄԱԽՄԲՈՒՄ

Հրատարակված Վերջին նորություններ | 0
Հոկտեմբերի 8-ին Վայոց ձորի մարզի թեմապատկան «Սիրանույշ» ճամբարում Հայաստանի Հանրապետության օրհներգի ներքո և եռագույնի բարձրացման արարողությամբ ազդարարվեց «Երիտասարդական համախմբում» հավաքի մեկնարկը։
Հավաքի մասնակիցներն Արենի խոշորացված համայնքի ավելի քան 100 երիտասարդներն են։
Երիտասարդների դերը համայնքի կյանքում ամենաառանցքայինն է։ Եվ հավաքների նպատակն էլ իմացական, մշակութային, մարմնամարզական, արտակարգ իրավիճակների, ռազմարվեստի վերաբերյալ տեսական և գործնական գիտելիքների ու կարողությունների զարգացումն է երիտասարդների շրջանում, որոնք անցկացվում են Վայոց ձորի թեմի, «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ի և Վայոց ձորի մարզպետարանի համագործակցությամբ։
Հավաքների ընթացքում երիտասարդները հնարավորություն ունեն հանդիպել և իրենց հուզող հարցերի շուրջ քննարկումներ ծավալել տեղական և մարզային իշխանության ներկայացուցիչների, զինվորականների, հոգևորականների, արտակարգ իրավիճակների ծառայության համապատասխան ներկայացուցիչների հետ։
Հավաքներն ունեն երկարամյա բնույթ և դառնալու են մարզային միջոցառումների յուրօրինակ ավանդույթը։ Մարզի բոլոր համայնքների երիտասարդները հնարավորություն ունեն դառնալ այս հարթակի կարևորագույն մասը։
Յուրաքանչյուր շաբաթվա ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին ճամբարում նախատեսվել է հյուրընկալել Վայոց ձորի մարզի մեկ խոշորացված համայնքի 18-30 տարեկան 100 երիտասարդների:
Ճամբարականների սննդի, կեցության ծախսերը և ճանապարհածախսերը հոգում են Վայոց ձորի թեմը, «Սյունիք-Զարգացում»ՀԿ-ն իրենց համագործակից կազմակերպությունների և անհատների աջակցությամբ, ինչպես նաև անմասն չեն մնում համայնքապետարանները:
Հավաքների օրակարգային միջոցառումների, Արտակարգ իրավիճակների մարզային ծառայության կողմից գործնական պարապմունքների, ինքնապաշտպանական արվեստի, տարբեր թեմաներով դասընթացների, սպորտային և ինտելեկտուալ խաղերի, էքսկուրսիաների և մշակութային միջոցառումների մասին մենք ձեզ պարբերաբար կտեղեկացնենք սոցիալական հարթակների միջոցով։
Առաջին հավաքի մեր գործընկերն Արենիի համայնքապետարանն է։

Պատասխանել