ՔԱՐԻՑ ՀԱՑ ՔԱՄՈՂԸ. ԿԱՄ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԻ ՀԱՄԱՌՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Հրատարակված Վերջին նորություններ | 0

Այս պատմությունը, բառի ամենաուղիղ իմաստով, քարից հաց քամող հայի մասին է։ Փայլակն իր մեծ ընտանիքով ապրում և շենացնում էր Արցախի Քաշաթաղ շրջանի Վան գյուղի իր տունն ու տնտեսությունը։ Երկար տարիներ զբաղվում էին ձմերուկի աճեցմամբ։ «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ եղբոր հետ հիմնել էին արքայանարնջի ու ծիրանի ավելի քան 10 հա այգիներ։

— Իմ հաջողության ալգորիթմը Արցախի աննախադեպ շռայլ բնությունը, հողը սիրելն ու գործին անմնացորդ նվիրվելն էր։ Քաշաթաղում տարածքը հարթավայրային էր, ինչը հեշատացնում էր գյուղատնտեսական մեխանիզացված աշխատանքը։ Այգեգործությանը զուգահեռ զբաղվում էինք նաև մեղվապահությամբ և անասնապահությամբ, խորը թախիծով, բայց անսահման հպարտությամբ պատմում է մեր հերոսը։

— Պատերազմը խլեց ամեն ինչ՝ երջանիկ զուգադիպությամբ կամ պատահականությամբ խնայելով միայն իմ ու ընտանիքիս կյանքը։

Փայլակը կնոջ ու երեք երեխաների հետ այժմ բնակվում է Վայոց ձորի Գետափ գյուղում` վարձակալած տանը․ սպասում են չորրորդ երեխային։ Կրկին զբաղվում է սիրելի աշխատանքով։ Ատկեն Արմենիան հիմնադրամի ու սփյուռքի անհատ բարերարների օժանդակությամբ Սյունիք-Զարգացում ՀԿ-ի կողմից հիմնված փորձացուցադրական այգիներում Փայլակն աշխատում է որպես մեխանիկ-վարորդ։ 15 տարվա մեխանիկ-վարորդի մասնագիտական փորձով կիսվում է նաև մյուս աշխատակիցների հետ։

Հավատում է, որ հաջողության իր ալգորիթմը կենսունակ է հայրենիքի ցանկացած անկյունում՝ Արցախում, թե Հայաստանում։ Վստահ է, որ քրտնաջան աշխատանքի շնորհիվ նորից ունենալու է սեփական տանիք, ծաղկող տնտեսություն։

— Հայրենի գյուղերն ու շեները թողած, իմ ճակատագիրը կիսող մեր հազարավոր հայրենակիցներին իմ օրինակով ուզում եմ ցույց տալ, որ անգամ պատերազմ կոչվող արհավիրքից հետո պետք է ուղիղ ողնաշարով էլ ավելի ամուր կառչենք հողին, սահմանենք նպատակներ հանուն մեզ ու մեր երեխաների, աշխատենք, աշխատենք անդադար,- զրույցի վերջում ավելացրեց Փայլակը։

Սյունիք-Զարգացում ՀԿ-ն շարունակում է տեղական ու միջազգային կառույցների, անհատ բարերարների ու ներդրողների ուժերի մեկտեղումով և աշխատատեղերի ստեղծման, ձեռներեցության խթանման, ինքնազբաղվածության ապահովման միջոցով օգնել տեղահանված մեր հայրենակիցներին բարելավելու իրենց կենսապայմանները։ Յուրաքանչյուրիս ամենաչնչին թվացող ներդրումն անգամ մի ընտանիքի հաջողության պատմություն կարող է դառնալ։

Պատասխանել