«Շարունակական կրթություն»-ը առաջընթացի գրավական

Հրատարակված Վերջին նորություններ | 0

Մեր օրերում, երբ գիտությունը, տեխնիկան ու տեխնոլոգիան զարգանում են օր օրի, երբ  համաշխարհայնացման գործընթացը գնալով խորանում է, արդիական գիտելիքների և հմտությունների ձեռք բերումը, օտար լեզուների իմացությունը կարևոր պատուհան է աշխարհը նորովի և յուրովի հասկանալու և ընկալելու համար։

Ու այսօր, «Շարունակական կրթություն»  հասկացությունը, տարբեր կազմակերպությունների և կրթական հաստատությունների կողմից դարձել է կրթական քաղաքականության զարգացման հիմնարար նպատակ։

Հայաստանում շարունակական կրթության գաղափարի և գործնական կիրառման առաջամարտիկներից է Հայաստանի Ամերիկյան Համալսարանը։

2014թ.-ին Սյունիք-Զարգացում ՀԿ-ի և Հայաստանի ամերիկյան համալսարանի  համագործակցությամբ Եղեգնաձորում բացվեց Ամերիկյան Համալսարանի Շարունակական Կրթության Բաժինը։

Բացման օրվանից առ այսօր Շարունակական Կրթության Բաժնի դասընթացների Վայոցձորցի 1500 մասնակիցներ հնարավորություն են ունեցել ընդլայնելու իրենց գիտելիքները մարդկային ռեսուրսների կառավարման, ֆինանսների, բիզնեսի կառավարման, տուրիզմի, մարքեթինգի և արդիական այլ ոլորտներում, սովորել են գործնական անգլերեն, մասնագիտական էթիկա, արդյունավետ հաղորդակցության հմտություններ։

Շրջանավարտների մեծ մասն աշխատում են տուրիստական կենտրոններում, հյուրատներում, հիմնել են սեփական փոքր բիզնեսներ, մասնակցել են տարբեր միջազգային ծրագրերի։

ՀԱՀ-ի և Սյունիք-Զարգացում ՀԿ-ի համագործակցությանը տարիներ անց միացավ նաև Ատկեն Արմենյան Հիմնադրամը՝ ի դեմս հիմնադրամի բարերար կանադահայ Թոնի Հալեպլիի։

Այս համագործակցության արդյունքում Հիմնադրամն ու Հալեպլի ընտանիքը դասընթացների հեռանկարային և սոցիալապես խոցելի ընտանիքների ուսանողներին տրամադրում է կրթաթոշակ։

Բացի շարունակական կրթության դասընթացներից, Սյունիք-Զարգացում ՀԿ-ի կողմից և գերմանական «Հաց աշխարհին» կազմակերպության օժանդակությամբ իրականացվող «Սոցիալական Զարգացում Վայոց ձորում» ծրագրի շրջանականերում մարզի բնակիչների համար ՀԱՀ-ի լավագույն մասնագետների կողմից անցկացվում են տարբեր մասնագիտական զարգացման դասընթացներ։

Արմեն և Ազնիվ Ալեքսանյանները թերևս շարունակական կրթության դասընթացների արդյունավետ պտուղները քաղած մասնակիցների տիպիկ օրինակ են։

Ամուսիններն օրվա հացը վաստակող մարդիկ են։ Արմենը տաքսու վարորդ էր, Ազնիվն աշխատում էր փոստում։ Ամուսիններն ունեն գեղեցիկ այգի, ընդարձակ տուն, տիրապետում են հայկական խոհանոցի գաղտնիքներին, սիրում են հյուրեր ընդունել։

«Ինչպես գիտեք ամենատեղեկացված մարդիկ տաքսու վարորդներն են,-ժպտում է Արմենր։ Մենք տիրապետում ենք ոչ միայն ընդհանուր քաղաքական իրադարձություններին Հայաստանի, Ռուսաստանի, Ամերիկաների մասին այլև տեղական մակարդակում հասկանում ենք քաղաքի շարժը, անցուդարձը, խնդիրներն ու հեռանկարները։

Վերջին ժամանակներում, բավականին շատ տուրիստների հոսք կա դեպի մեր մարզ (համավարակին չեմ անդրադառնում, այս դժվարությունն էլ շուտով կհաղթահարենք)։ Մի կերպ «ձեռքով ոտքով» հաղորդակցվելով արտասահմանցի զբոսաշրջիկներին տանում էի Նորավանք, Ջերմուկ, մարզի պատմամշակութային վայրեր։

Հետո մտածեցի, թե ինչքան լավ կլիներ, որ կարողանայի հաղորդակցվել արտասահմանցիների հետ։ Այդ դեպքում կկարողանայի ներկայացնել մարզի հրաշալիքներն իրենց ավանդույթներով ու պատմություններով։

Ամուսիններով քննարկեցինք և որոշեցինք, որ մեզ ևս մի մարտահրավեր պետք է նետենք։ Ձեռք ձեռքի տված հաճախեցինք անգլերենի և տուրիզմի դասընթացների։ Ի զարմանս մեզ՝ դասընթացները բավականին հարթ էին անցնում, շատ ուրախ և ինտերակտիվ։ Նույնիսկ ամուսիններով մրցակցում էինք միմյանց հետ։

Այժմ հիմնել ենք մեր սեփական փոքր հյուրատունը։ Կինս զբաղվում է հյուրերին ընդունելով, հյուրասիրելով, մեր հյուրատան գովազդով զբաղվելով։ Ես կազմակերպում եմ զբոսաշրջիների տեղափոխությունը։ Ստացած գիտելիքներիս շնորհիվ կարողանում եմ արտասահմանցիներին ներկայացնել մեր մարզը, առաջարկել տարբեր երթուղիներ։ Արդյունքում և′ իրենք են գոհ հեռանում, և′ մենք ենք մեզ բավարարված զգում։ Ստացված եկամտով կարողանում ենք հոգալ երեխաների, թոռների հոգսերը, փոքր ներդրումեր անել մեր բիզնեսում»։

Ժամանակակից աշխարհը և մեր իրականությունը ևս մեկ անգամ փաստում են անընդհատ նորանոր գիտելիքներով ու հմտություններով զինվելու կարևորությունը, մտքի ճկունության կարևորությունը: Իսկ այսօրինակ խնդիրների լուծումները, թերևս, գտնվում են շարունակական կրթությունը կարևորելու, անընդհատ կրթվելու և ինքնակրթվելու գործընթացներում:

Պատասխանել