«Երիտասարդներն ընդդեմ կորոնավիրուսի»

Հրատարակված Վերջին նորություններ | 0

«Սյունիք-Զարգացում» ՀԿ-ի Երիտասարդները հանուն խաղաղության ծրագրի հերթական, բայց «արտակարգ» նախաձեռնությունն այս անգամ ոչ թե «հանուն» այլ «պաշտպանություն կորոնավիրուսից» ուղերձով էր՝ Երիտասարդներն ընդդեմ կորոնավիրուսի։

Ամբողջ աշխարհի համար սպառնալիք դարձած համավարակի առաջնային թիրախ են առողջական խնդիրներ ունեցող միայնակ տարեցները, ովքեր դժվարանում են ձեռք բերել պաշտպանիչ միջոցներ, սնունդ, առաջին անհրաժեշտության պարագաներ։

Եվ հենց նման իրավիճակներում է դրսևորվում երիտասարդների կամքն ու պատրաստակամությունը, սոցիալական գործառույթ իրականացնելու պատասխանատվությունն ու մարդկային հոգատարությունն առավելի խոցելիի, կարիքավորի հանդեպ։

Սյունիք-Զարգացում ՀԿ-ի աշխատակիցներն ու կամավորների հերթական կանգառը Վայոց ձորի Եղեգիսի կիրճն էր։ Բայց, այս անգամ ոչ թե վայելելու չքնաղ բնությունը, այլ Եղեգիս խոշորացված համայնքի 20 միայնակ տարեցների և առողջական խնդիրներ ունեցող անձանց հասցնելու սննդի փաթեթներ, պաշտպանիչ միջոցներ։

Այցի ընթացքում 9000 հատ լոլիկի, սոխի, պղպեղի և սմբուկի սածիլներ բաժանվեցին, որոնք ամառվա ընթացքում տարեցների պարենի հիմնական մասն են կազմում։

Համատեղ գյուղատնտեսական աշխատանքները, երիտասարդների հետ զրույցը մեր տարեց հայրենակիցներին ևս մեկ անգամ հույս ներշնչեցին, որ անգամ նման իրավիճակում իրենք մենակ չեն։
Տարեցներն էլ իրենց հերթին կոչ արեցին երիտասարդներին լինելու կարգապահ, պատասխանատու քաղաքացիներ, հետևել առողջապահության նախարարության, կառավարության կոչերին որքան հանարավոր է շուտ համավարակի դեմ հաղթանակ տոնելու համար։

Շահառուները Վայոց ձորի մարզպետարանի առողջապահության և սոցիալական բաժնի կողմից հաշվառված առողջական խնդիրներ ունեցող միայնակ կենսաթոշակառուներն են։

Ծրագիրն իրականացվել է Սյունիք-Զարգացում ՀԿ-ի Երիտասարդները հանուն խաղաղության ծրագրի շրջանակում շվեյցարական ՀԵԿՍ կազմակերպության օժանդակությամբ։

Պատասխանել