Հողագործից գործարար

Հրատարակված Վերջին նորություններ | 0

Արամ Հակոբյանը, ով տարիներ շարունակ Վայոց ձոր մարզում հայտնի է իր տնկարանային տնտեսությամբ, այս տարի ընդլայնել է գործունեության դաշտը՝ հիմնելով նաև գյուղատնտեսական գործիքների և բուժանյութերի խանութ:

«Ծնվել, մեծացել, ապրել ու ապրելու եմ իմ հարազատ գյուղում՝ Գետափում,-պատմում է Արամը։ Ժամանակ առ ժամանակ, բախվելով կենցաղային խնդիրների, մտքովս անցել է շատերի նման թողնել-գնալ արտագնա աշխատանքի։ Հետո անմիջապես ինքս ինձ հետ խորհրդակցել եմ, որ իմ գործը, մասնագիտությունը հողն է, ծառը, տնկին։
Ռուսաստաններում ո՛չ հողն է մերի հողի նման, ո՛չ էլ ծիրանն ու խնձորը նույն համն ունեն, ինչ այստեղ՝ Վայոց ձորում։ Ու ամեն անգամ վանել եմ այդ մտքերն ու շարունակել հողի հետ կռիվս։

Հայրս Խորհրդային տարիներին զբաղվում էր տնկիների մշակությամբ։ Մարզում բոլորը ճանաչում էին նրան։ Ես էլ պատանեկության, երիտասարդության տարիներին հաճախ ստիպված, երբեմն «քաղցր կաշառքի դիմաց» օգնում էի հորս։ Ժամանակի ընթացքում սկսեցի տիրապետել տնկարանային տնտեսության լուրջ նրբությունների՝ որ արմատի վրա, որ շիվը պատվաստել, լուսնային օրացույցի որ օրը կատարել աչքապատվաստ և այլն։

Մի օր էլ բացահայտեցի, որ մասնագիտացել եմ գյուղատնտեսության մեջ, և այն դարձել է ապրուստ վաստակելու իմ միակ միջոցը:։ Տնամերձ հողատարածքումս սկսեցի փոքր քանակությամբ տնկիներ արտադրել ու վաճառել։
Հիմա ունեմ կես հա տնկարանային տնտեսություն։ Արտադրում եմ «ավանդական» և եվրոպական պատվաստակալներով պտղատու տնկիների զանազան տեսակներ։

Տնկարանս հիմնել եմ «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ի օգնությամբ։ Մասնագիտական հմտություններս զարգացրել եմ ՀԿ-ի կողմից կազմակերպված բազմաթիվ սեմինար-դասընթացների շնորհիվ: Իսկ արդեն իմ լավ բարեկամներ դարձած վրացի գյուղատնտես Ռամազի /HEKS կազմակերպության գյուղատնտես-խորհրդատու/ և Սյունիք-Զարգացում ՀԿ-ի գործընկեր Շեն (Shen NGO) կազմակերպության բույսերի պաշտպան-գյուղատնտեսների անհատական խորհրդատվության շնորհիվ հարստացրել եմ նաև գործնական գիտելիքներիս պաշարը:

Արամի կինը ժպտալով հավելում է,- «սրանով մեր հաջողությունը չի սահմանափակվում։ Հիմա Արամին մարզում ոչ միայն, որպես «տնկարանի Արամ» են ճանաչելու, այլ նոր մականուն կունենա՝ «թույների Արամ»։

Արամի հաջողության պատմության այս փուլը ևս սերտորեն կապված է «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ի հետ:
Չնայած համավարակով պայմանավորված իրավիճակին, «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ն «արտակարգ» պայմաններում շարունակում է նախապես պլանավորած ծրագրերի իրականացումը։
Վերջերս, շվեյցարական HEKS-EPER կազմակերպության օժանդակությամբ և Շեն ՀԿ-ի հետ համատեղ իրականացվող «Պտղաբուծության զարգացում Վայոց ձոր և Գեղարքունիք մարզերում» ծրագրի շրջանակում Արամ Հակոբյանի կողմից Գետափ բնակավայրում բացվեց գյուղատնտեսական գործիքների և բուժանյութերի խանութ։

Խանութից կարող եք ձեռք բերել պտուղ-բանջարեղենի մշակության համար անհրաժեշտ բուժանյութեր, պարարտանյութեր, գործիքներ, սերմեր, համապատասխան սեզոնին՝ տնկիներ։
Խանութում այգեգործների համար հասանելի են նաև «Սյունիք-Զարգացում» և Շեն կազմակերպությունների կողմից մշակված այգիների մշակության, բուժման և վնասատուների դեմ պայքարի միջոցառումների վերաբերյալ տեղեկատվական նյութեր։

Պատասխանել