«Հայ-գերմանական համագործակցության հետագիծն ու ներկան»

Հրատարակված Վերջին նորություններ | 0
Գերմանական «Հաց աշխարհին» կազմակերպությունը «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ի կողքին է դեռևս 90-ականներից՝ ՀԿ-ի կազմավորման ակունքներից, և այդ համագործակցությունը արդյունավետ շարունակվում է առ այսօր։
ՀԿ-ի նախընթաց 25 տարիների գործունեության հետագիծը օբյեկտիվ տրամաբանությամբ զուգահեռ է Հայաստանի Հանրապետության, մասնավորապես, Վայոց ձորի սոցիալ-տնտեսական աճին։
Այդ հետագծի կերտման բոլոր հատվածներում ու որակներում անգնահատելի է «Հաց աշխարհին» կազմակերպության դերն ու օժանդակությունը։
Կազմակերպության օժանդակությամբ մենք կարողացանք ներդրում և միջամտություն ունենալ այնպիսի ոլորտներում և արժեհամակարգերի ձևորման գործում, որոնք «Հաց աշխարհին» կազմակերպության կողմից ճանաչվել են տնտեսությունների կայուն զարգացման հիմնաքարեր՝ պարենի անվտանգություն, մարդու իրավունքներ, խաղաղության տեսլականի տարածում, քաղաքացիական հասարակության ձևավորում, առողջապահություն, կլիմայի փոփոխություն, գենդերային հավասարություն և խոցելի խմբերի ինտեգրում։ Այս բազմաշերտ համագործակցության արդյունքում մարդու արժանապատվությունը, ժողովրդավարությունը, հավասարությունը, բազմակարծությունն ու Եվրոպական ընտանիքի կողմից որդեգրած այլ արժեքներ դարձան ծրագրի մասնակից բնակչության սեփականությունը։
Գերմանական «Հաց աշխարհին» կազմակերպության և «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ի համագործակությունը թևակոխել է 21-րդ դարի մարտահրավերներին համապատասխան նոր փուլ, որտեղ առանցքային են համայնքային զարգացման միջոցառումները, երիտասարդական ներուժի հզորացման նախաձեռնությունները, միջմշակութային և կրթական ծրագրերը։
Երկու կազմակերպությունների արդյունավետ համագործակցության լավագույն դրսևորումներից մեկն էլ այն է, որ համագործակցության շուրջ երեք տասնյակ տարիների ընթացում նախապես պլանավորված ծրագրերից բացի «Հաց աշխարհին» կազմակերպությունը մեր կողքին է եղել նաև Հայաստանի համար վայրիվերումների, բարդ, դժվարին ու արտակարգ իրավիճակներում։ Այդպիսի մի նախաձեռնություն էր 2016թ. տարծաշրջանում տեղի ունեցած զինված հակամարտությունից հետո Հայաստանի սահմանամերձ բնակավայրերի երեխաների և երիտասարդների համար կազմակերպված հոգեբանական վերականգնողական ճամբարները։
 
Չնայած այն հանգամանքին, որ Covid-19-ով պայմանավորված համավարակը լրջագույն խնդիր է ամբողջ աշխարհում, այդ թվում նաև Գերմանիայում, այնուամենայնիվ մեր գերմանական գործընկերը օպերատիվ արձագանքեց Վայոց ձորում համավարկով պայմանավորված իրավիճակին և իր ներդրումն ունեցավ «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ի կողմից իրականացվող Covid-19-ի և համավարակի թողած հետևանքների դեմ պայքարին։
Հպարտ ենք «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ի և «Հաց աշխարհին» կազմակերպության միջև ստեղծված կառուցողական և փոխըմբռման հիմքերի առկայության, փոխադարձ վստահության և միմյանց արժեքների հանդեպ հարգանքի և մեծագույն պատասխանատվությամբ համագործակցության համար։
 
Մենք ուշի ուշով հետևում և ոգեշնչվում ենք կազմակերպության գործունեությամբ ամբողջ աշխարհում՝ Աֆրիկայից մինչև Արևելյան Ասիա և խաղաղօվկիանոսյան տարածաշրջան, Կարիբյան ավազանից մինչև Եվրոպական տարածաշրջան։
 
«Հաց աշխարհին» կազմակերպությանն ու գերմանացի մեր գործընկերներին մաղթում ենք հաջող ու արդյունավետ ընթացք ամբողջ աշխարհում իրենց որքան բարդ ու աշխատատար, նույնքան մարդասիրական առաքելությունների իրականացման անվերջանալի գործընթացում։

Պատասխանել