Կորոնավիրուսի առաջացրած խնդիրների հաղթահարումը Վայոց ձորում

Հրատարակված Վերջին նորություններ | 0

Վերջին ամիսներին Հայաստանում և ամբողջ աշխարհում համայն մարդկությանը սպառնացող նոր կորոնովիրուսային վարակի (COVID-19) տարածումը կանխարգելելու համար պահանջվում է սոցիալական պատասխանատվության բարձր գիտակցում։ Ստեղծված իրավիճակում Վայոց ձորի թեմը և «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ն աշխատում են արտակարգ ռեժիմով։

«Սյունիք-Զարգացում» հասարակական կազմակերպությունը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վայոց ձորի թեմի և ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի հետ համագործակցությամբ, վերջին մի քանի շաբաթների ընթացքում Վայոց ձորի մարզի Արենի, Եղեգիս և Գլաձոր խոշորացված համայնքների ֆերմերային տնտեսություններին և կարիքավոր ընտանիքներին տրամադրել են կարտոֆիլի և գարու որակյալ սերմացու։

Ապրիլի 30-ին թեմի և ՀԿ-ի համատեղ աշխատանքի շնորհիվ ձեռք է բերվել ևս 3 տոննա կարտոֆիլի որակյալ սերմացու, որը տրամադրվելու է մարզի այլ համայնքների տնտեսություններին և կարիքավոր ընտանիքներին։ Կարտոֆիլի սերմացուն ձեռք է բերվել Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքից։ Վայոց ձորի մարզպետի խորհրդական Արմեն Դավթյանի ուղեկցությամբ կարտոֆիլը Գեղարքունիքից տեղափոխվեց Վայոց ձոր։

Վայոց ձորի մարզպետարանի անմիջական հսկողությամբ ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության մարզային վարչության աշխատակիցները տեղում իրականացրեցին ախտահանման աշխատանքներ, որից հետո սերմացուն պահեստավորվեց։ Առաջիկա օրերին մարզպետարանի և ՀԿ-ի կազմած ցուցակների համաձայն կսկսվի սերմացուի բաշխումը։ Ծրագիրը կրում է շարունակական բնույթ և նպատակ ունի աջակցել Վայոց ձորի բնակչության պարենային ապահովմանը։

Պատասխանել