Կորոնավիրուսի առաջացրած խնդիրների հաղթահարումը Վայոց ձորում

Հրատարակված Վերջին նորություններ | 0

Համավարակի տարածման կանխարգելման նպատակով «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ն Վայոց ձորի թեմի հետ համագործակցությամբ շարունակում է անհատական պաշտպանիչ դիմակների արտադրությունն ու դրանց հասանելության ապահովումը մարզի բուժ հաստատություններին և տարբեր կառույցներին։

Վերջին մեկ ամսվա ընթացքում 10,000 հատ դիմակ է բաժանվել Եղեգնաձորի, Վայքի և Ջերմուկի բուժ հաստատություններին, Վայոց ձորի ոստիկանությանը, ԱԻՆ փրկարար ծառայության մարզային վարչությանը, մարզպետարանին և զինվորականների ընտանիքներին։

Դիմակներից բացի, վերջին մի քանի օրերի ընթացքում Արմաթ ինժեներական լաբարատորիայի հետ համագործակցությամբ նաև անհատական պաշտպանիչ դիմավահանների նախագծում ու արտադրություն է սկսվել։ Դիմավահանների առաջին խմբաքանակն արդեն տրամադրվել է Եղեգնաձորի բժշկական կենտրոնին։

Վայոց ձորի մարզպետարանի Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության հետ խորհրդակցությամբ մարզի Առողջության պահպանման 5 կենտրոններ (Աղավնաձոր, Մալիշկա, Արենի, Զառիթափ, Շատին) զինվել են առաջին բուժօգնության անհրաժեշտ պարագաներով, դեղորայքով, պաշտպանիչ դիմակներով, դիմավահաններով ու ախտահանիչ նյութերով։

Թող աշխարհի բոլոր անկյունների հիվանդներն արագ ապաքինվեն և որքան հնարավոր է շուտ բոլորս նշենք Covid-19-ի դեմ տարած հաղթանակը:

Պատասխանել