«Մարզի զարգացումը քո համայնքից» խորագրով եռօրյա հանդիպում-քննարկում

Հրատարակված Վերջին նորություններ | 0

Եղեգիս խոշորացված համայնքի Հերմոն բնակավայրում տեղակայված Լուսիտուր հյուրանոցում դեկտեմբերի 14-16-ը տեղի ունեցավ «Մարզի զարգացումը քո համայնքից» խորագրով եռօրյա հանդիպում-քննարկումը, որին մասնակցում էին Վայոց ձոր մարզի համայնքների ղեկավարները, համայնքների տնտեսական զարգացման ծրագրերի պատասխանատուները և ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի համապատասխան բաժինների ներկայացուցիչները։

Հերթական հանդիպում-քննարկումը նպատակ ուներ օգնել Տեղական ինքնակառավարման մարմիններին կազմելու և ունենալու առավել իրատեսական և համապարփակ ծրագրեր։ Քննարկումն իրականացվում էր Սյունիք-Զարգացում ՀԿ-ի Սոցիալական ծրագրի շրջանակում գերմանական BfdW կազմակերպության, ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի և Հայ Առաքելական Եկեղեցու Վայոց ձորի թեմի հետ համագործակցաբար։

Քննարկման առաջին օրը ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը՝ շեշտադրելով Վայոց ձոր մարզում զարգացման հեռանկար ունեցող երկու ոլորտների՝ գյուղատնտեսության և տուրիզմի զարգացման հնարավորությունների մասին և Վայոց ձորի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը՝ նշելով․ «Երբեք չպիտի մեզ հանգիստ զգանք, որովհետև շրջապատված ենք մարտահրավերներով։ Պետք է բոլորս միասին մեր հնարավորությունը ներդնենք՝ մեր մարզի, մեր երկրի զարգացմանը։ Պետք է իրապես օր ու գիշեր աշխատենք և ես ուրախ եմ, որ այսօր այդ աշխատանքին լծված շատ մարդիկ կան»։

Պաշտոնական բացումից հետո Սյունիք ՀԿ-ի ծրագրերի ղեկավար Տաթև Հարությունյանը ներկայացրեց կազմակերպության սոցիալական ծրագիրը, որի համայնքային զարգացման բաղադրիչի շրջանակում պարբերաբար կազմակերպվում են ոլորտային նման հանդիպում- քննարկումներ, որը հարթակ է ստեղծում համայնքների ակտիվ անդամների համար համախմբվելու և քննարկելու իրենց համայնքներում ոլորտային հիմնախնդիրները, հանդես գալու առաջարկություններով և կազմակերպելու տեսակետների անհրաժեշտ քննարկումներ։

Այնուհետև հրավիրյալ խոսնակները ներկայացրին համայնքային զարգացմանը նպաստող մի շարք ելակետային սկզբունքներ։ ՀՀ վարչապետի խորհրդական Ռ․ Ղուկասյանը խոսեց համայնքների մարդակենտրոն զարգացումից, ներհամայնքային զարգացման պլանների մասին բնակիչներին տեղեկացնելու և նրանց հետ քննարկելու մասին: Համայնքների ֆինանսիստների միավորման նախագահ Վ․ Մովսիսյանը ներկայացրեց Համայնքների տարեկան աշխատանքային պլանների արդյունավետ կազմակերպման սկզբունքներն ու կարևորությունը: Շեն ԲՀԿ գյուղատնտեսական ծրագրերի համակարգող Նվարդ Շահմուրադյանը ներկայացրեց ինտենսիվ այգեգործության հիմնախնդիրները, ազդող գործոնները, խոչընդոտները և զարգացման հեռանկարները, իսկ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Ն․ Պետրոսյանը խոսեց մարզի խոշորացված համայնքների հողերի քարտեզագրման և գոտիավորման մասին։

Հանդիպում-քննարկման երկրորդ օրը Վայոց ձորի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Գ․ Մարգարյանը ներկայացրեց «Պետության կողմից օժանդակություն ջերմոցային տնտեսություններին» ծրագիրը, ծրագրի առավելությունները և դիմելու ընթացակարգը: Վայոց ձոր մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ Ա․ Կոստանյանը խոսեց սուբվենցիայի հայեցակարգի և սուբվենցիոն ծրագրերի մասին, որի ընթացքում մասնակիցները հանդես եկան ծրագրերի իրականացման ընթացքում հնարավոր ռիսկերի նվազման վերաբերյալ առաջարկություններով: Ֆոնդահայթայթման մասնագետ Տ․Սուքիասյանը խոսեց համայնքների համար հնարավոր ֆոնդերի, ֆոնդահայթայթման գործիքների և դրամաշնորհներ գրելու հմտությունների և նրբությունների մասին, շեշտը դնելով Վայոց ձոր մարզի զարգացման երկու հիմնական ուղղությունների՝ տուրիզմի և գյուղատնտեսության վրա։

Ելույթով հանդես եկավ նաև արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության Վայոց ձորի մարզային բաժնի պետ Ա․ Գրիգորյանի, ով խոսեց վերականգնողական արդարադատության, պրոբացիայի ծառայության, դրա գործառույթների ու խնդիրների մասին՝ կարևորելով ծրագրում մարզի համայնքների ներգրավվածության դերը։

Երեք օրերի համատեղ աշխատանքը նշանավորվեց մարզի համայնքների ակտիվ համագործակցության և կայուն զարգացման ծրագրերի մշակման ու իրականացման նոր հնարավորություններով ու հեռանկարներով։

Քննարկման վերջին օրը համայնքների տնտեսական զարգացման ծրագրերի պատասխանատուները ներկայացրին իրենց համայնքների զբոսաշրջային գրավչություն ունեցող առկա և պոտենցիալ ռեսուրսները։ Քննարկվեցին մարզի զարգացման գերակա ուղղություններից մեկի՝ զբոսաշրջության ոլորտում առանձին համայնքների հիմնախնդիրները։ Հետագա աշխատանքների պլանավորման նպատակով առաջիկայում համայնքներում կստեղծվեն աշխատանքային խմբեր՝ աշխատելու զբոսաշրջության ոլորտում համայնքի գույքագրման, խնդիրների վերհանման և հնարավոր լուծումների համար։

Հանդիպում֊քննարկումը ֆասիլիտացրեց Ամերիկյան համալսարանի Շարունակական կրթության բաժնի Եղեգնաձորի համակարգող Հայարփի Աղախանյանը։

Պատասխանել