«Էներգետիկ ճգնաժամ և վերականգնվող էներգիա» թեմայով երկօրյա դասընթաց

Հրատարակված Վերջին նորություններ | 0

«Սյունիք-Զարգացում» ՀԿ-ի «Բնապահպանական կրթություն և իրազեկում Վայոց ձորի և Զակարպատիայի (Ուկրաինա) մարզերում» ծրագրի շրջանակում հոկտեմբերի 12-13-ը «Գիտելիք» համալսարանում մարզի երիտասարդների համար տեղի ունեցավ բնապահպանական երկօրյա դասընթաց՝ «Էներգետիկ ճգնաժամ և վերականգնվող էներգիա» թեմայով։ Դասընթացի նպատակն էր բարձրացնել Վայոց ձորի երիտասարդների իրազեկվածությունը տեղական և համաշխարհային բնապահպանական խնդիրների վերաբերյալ, այդպիսով օգնելով հասկանալ շրջակա միջավայրի հիմնախնդիրների գլոբալ բնույթը և տեղական մակարդակում բացահայտել դրանց հնարավոր լուծումները: Ողջույնի խոսքով հանդես եկավ ծրագրի համակարգող Գոհար Հունանյանը, ներկայացրեց ծրագրի նպատակն ու դրա շրջանակում կատարված աշխատանքները և հաջողություն մաղթեց բոլոր մասնակիցներին։ Այնուհետև, «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ի  համակարգողի օգնական Մարիամ Գրիգորյանը ներկայացրեց ՀԿ-ի կազմավորման պատմությունը, առաքելությունը, սոցիալական և բնապահպանական ընթացիկ ծրագրերը։ Մասնակիցները մեծ հետաքրքրություն ցուցաբերեցին և մի շարք հարցեր ուղղեցին ՀԿ-ի կողմից իրականացվող ծրագրերի վերաբերյալ, որոնք ստացան սպառիչ պատասխաններ:

Ծրագրի դասընթացավարն էր «Թի-Էս-Ի դեպի կայուն էկոհամակարգեր» ՀԿ-ի տնօրեն, թռչնաբան, գիտությունների դոկտոր Կարեն Աղաբաբյանը, ով խոսեց հետևյալ թեմաներով՝

  • բնապահպանական հիմնական խնդիրները,
  • էներգետիկ ճգնաժամը և նրա հետևանքները,
  • կլիմայի փոփոխությունը,
  • բնական ռեսուրսները և դրանց կրճատումը,
  • լուծումները՝ էներգապահպանողական տեխնոլոգիաները և Հայաստանի ներդրումը կլիմայի փոփոխության հետևանքների մեղմացման գործում,
  • վերականգնվող ռեսուրսները և դրանց կայուն օգտագործումը:

Դասընթացը նպաստեց մասնակիցների շրջակա միջավայրի վերաբերյալ գիտելիքների, հմտությունների, կարողությունների ձեռքբերմանը, ինչպես նաև արժեքային համակարգի և վարքագծի կողմնորոշմանն ու էկոլոգիական մշակույթի ձևավորմանը:

Պատասխանել