Ջերմուկ համայնքի Կեչուտ բնակավայրում գործող պարի խմբակի սաներին տրամադրվեց ազգային տարազով համազգեստ։

«Սյունիք-Զարգացում» ՀԿ-ի «Սոցիալական զարգացում հարավային Հայաստանում» ծրագրի շրջանակում համայնքային կենտրոններում իրականացվող նախաձեռնությունները մարզի երիտասարդներին հնարավորություն են ընձեռում ձեռք բերելու նոր գիտելիքներ և  հմտություններ, ինչպես նաև աջակցելու կարիերայի կողմնորոշման գործընթացում։ ՀԿ-ի Ջերմուկի համայնքային կենտրոնում գործող նախաձեռնող, ակտիվ երիտասարդների կողմից ներկայացված ծրագրային առաջարկը ֆինանսական աջակցություն էր ստացել «Սոցիալական զարգացում» փոքր դրամաշնորհային ծրագրերի շրջանակում։ Համայնքային կենտրոնի ակտիվ երիտասարդների ներկայացված ծրագրի շնորհիվ Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի Կեչուտ բնակավայրում գործող պարի խմբակի սաներին տրամադրվեց ազգային տարազով  համազգեստ։ Ինչպես իր խոսքում նշեց խմբակի պարուսույցը․«Երեխաները բազմիցս չեն կարողացել մասնակցել պարային մրցույթների համազգեստ չունենալու պատճառով։ Հիմա այդ խնդիրը լուծված է, և կարող ենք պատրաստվել ու պատշաճ ներկայանալ գալիք մրցույթներին»։

Ս/թ օգոստոսի 31-ին Ջերմուկ համայնքի Կեչուտ բնակավայրի դպրոցի և մշակույթի տան սաների կողմից կազմակերպված միջոցառման հյուրերի կազմում էին նաև «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ի «Սոցիալական զարգացում» ծրագրի ղեկավարը, կազմակերպության տնօրենը և ՀԿ-ի աշխատակազմից ներկայացուցիչներ։ Միջոցառման ընթացքում երեխաները ներկայացան ասմունքներով և պարային համարներով։ «Սոցիալական զարգացում» ծրագրի ղեկավար Տաթև Հարությունյանն իր ողջյունի խոսքում նշեց, որ հայ ազգային պարերը Հայաստանի մշակույթի անքակտելի մասն են կազմում և այսօր ոչ միայն դպրոցներից դուրս են գործում մասնավոր խմբեր, այլև դպրոցներում են վերաբացվում պարի խմբակներ, ինչը նպաստում է հայկական ազգային պարի և առհասարակ մշակույթի տարածմանը։ Նա նաև շնորհակալություն հայտնեց պարի խմբակի պարուսույցին և սաներին մշակույթի տարածմանը նպաստող աշխատանք կատարելու համար։

«Սյունիք-Զարգացում» ՀԿ-ի կողմից իրականացվող նմանատիպ ծրագրերը, որոնք օժանդակում են մշակութային նախաձեռնությունների զարգացմանը և տարածմանը, կրում են շարունակական բնույթ։

 

Պատասխանել