‹‹Սիրանույշ›› — Ամառային ճամբարների ‹‹բրենդ››

Հրատարակված Վերջին նորություններ | 0

Եղեգիսի կիրճում գտնվող ճամբարը վայոցձորցիների համար դարձել է ճամբարի ‹‹բրենդ››, որտեղ ավելի քան 10 տարի Սյունիք-Զարգացում ՀԿ-ն շվեյցարական HEKS-EPER կազմակերպության աջակցությամբ կազմակերպում է ամառային ճամբարներ:

—————————————-

‹‹Երիտասարդները հանուն խաղաղության›› ծրագրի շրջանակներում կազմակերպվող ամառային ճամբարները Հայաստանի և Վրաստանի երիտասարդների համար բացառիկ հնարավորություն են ունենալու տարբերվող հանգիստ, շփվելու տարբեր ազգերի ներկայացուցիչների հետ, ինչպես նաև ձեռք բերելու նոր հմտություններ և գիտելիքներ։

Այս տարի ևս, օգոստոսի 1-ից 12-ը, ճամբարը հյուրընկալեց 60 հայ և վրացի 16-ից 18 տարեկան պատանիների։ Հայ մասնակիցներն ընտրվել են մեծամասամբ Վայոց ձորի սահմանամերձ ու հեռավոր համայնքներից։ Ծրագրին մասնակցել են նաև ուսման գերազանց առաջադիմություն ունեցող ու տաղանդավոր երիտասարդներ, ովքեր ունեն ռուսերենով հաղորդակցության տարրական հմտություններ։

Ճամբարի ընթացքում կազմակերպվել են լեզվի դասեր, խաղաղության թեմայով սեմինարներ, սպորտային և ինտելեկտուալ խաղեր, երգի/պարի, ձեռքի աշխատանքի խմբակներ, մշակութային միջոցառումներ և էքսկուրսիա Նորավանքում։

Ինչպես ճամբարականներն են նշում,-Ճամբարի ժպիտների ‹‹հովանավորը›› ☺ Կալիֆորնիայում Հայ Ատամնաբույժների Ասոցիացիան է։

Ավելի քան 20 տարի է, ինչ Կալիֆորնիայի Հայ Ատամնաբույժների Ասոցիացիայի 10 ատամնաբույժներ իրենց ‹‹արձակուրդներն››  անցկացնում են Վայոց ձորի Սիրանույշ ճամբարում։

Յուրաքանչյուր տարի 10-օրյա ճամբարի ընթացքում ասոցիացիայի օժանդակությամբ ճամբարում ստեղծված ատամնաբուժական կլինիկայում ճամբարականներն ու հարակից գյուղերի երեխաներ ստանում են անվճար ատամնաբուժական ծառայություններ; 1995թ-ից առ այսօր ավելի քան  2500 հոգի օգտվել են այդ ծառայություններից։

Արդեն ավանդույթ դարձած ճամբարի փակման խարույկն ամեն տարի իր շուրջն է հավաքում ճամբարի բոլոր տարիների շրջանավարտների, ծնողների, ուսուցիչների, եկեղեցու ու մարզային իշխանությունների ներկայացուցիչների, երիտասարդական ծրագրեր իրականացնող կազմակերպությունների։

 

Պատասխանել