Երիտասարդները հանուն Հարավային Կովկասի խաղաղության

«Սյունիք-Զարգացում» ՀԿ-ն 1994 թվականից ի վեր կազմակերպում է ամառային ճամբարներ: Առաջին ճամբարներն իրականացվում էին ծնողազուրկ երեխաների համար ում հայրերը զոհվել են Արցախյան պատերազմի ժամանակ։ Ծրագիրն իրականացվում էր տեղի թեմի և հայկական Սփյուռքի աջակցությամբ։ Այնուհետև, ճամբարներին միացան նաև մասնակիցներ Հայաստանում ապրող փոքրամասնություններից՝ խթանելու տարբեր ծագում ունեցող երիտասարդների միջև բարեկամությունը և օգնելու նրանց ավելի լավ ինտեգրվելու Հայաստանյան հասարակությանը։

2006 թվականից ծրագրին միացավ նաև վրացական Լազարուս կազմակերպությունը՝ հնարավորություն տալով վրացի երիտասարդներին ևս մասնակցելու ճամբարներին։ Ծրագիրը 2006թ.-ից ֆինանսավորվում է շվեցարական HEKS կազմակերպության կողմից։ 2010-2013թթ.-ի եռամյա ծրագրին միացավ նաև Վրաստանի «Ադրբեջանցի կանանց ասոցիացիան», որի արդյունքում ծրագրում ներգրավեցին նաև Վրաստանում ապրող ադրբեջանցի պատանիներ։ 2013 թվականից ծրագրին միացավ «Հանուն խաղաղության և վերինտեգրման տարածաշրջանային ցանց» աբխազական գործընկեր կազմակերպությունը, այսպիսով հնարավորություն տալով աբխազ երիտասարդներին և պատանիներին նույնպես մասնակցել ճամբարներին։ Արդյունքում ստեղծվեց եզակի միջմշակութային միջավայր։ 2015-2017թթ-ի ծրագիրն ընդլայնեց ծրագրային գործողությունները։ Եթե մինչ այդ կազմակերպվում էր միայն բուն ճամբարներ, ապա ընթացիկ ծրագրում նախատեսվում էր  համապարփակ և ամբողջ տարվա համար նախատեսված միջոցառումների միջոցով երիտասարդ առաջնորդների ավելի ակտիվ ներգրավվածություն։ Ծրագրի հեռահար նպատակն է Հայաստանում և Վրաստանում ապրող մասնակիցների միջև զարգացնել խաղաղության արդյունավետ որոնման վարքագիծ։

2006թ.-ին որպես նոր բաղադրիչ, ծրագրի աշխատակազմը և վերապատրաստողները մասնակցեցին Բորժոմիում անցկացվող սեմինարին։ Վերապատրաստողները ծրագրի աշխատակազմի հետ համատեղ մշակեցին ջոկատավարների/լիդերների համար նախատեսվող Առաջնորդության թեմայով կայանալիք սեմինարի կառուցվածքը։ Քննարկվեցին տեխնիկական և կազմակերպչական խնդիրներ հիմք ընդունելով նախորդ տարիների քաղած դասերը։  Ծրագրի գործընկեր կազմակերպությունների կողմից ընտրվեց 22-ից 28 տարեկան 22 լիդեր։ Ապագա այս լիդերների համար կազմակերպվեց երկու վերապատրաստման դասընթաց՝ «Առաջնորդություն» և «Կոնֆլիկտի կառավարում և հարթեցում» թեմաներով։

Նախապատրաստական փուլից հետո տրվեց ճամբարի մեկնարկը: Ճամբարի առաջին փուլը տեղի ունեցավ Բորժոմիում, որտեղ մասնակցում էին 15 հայ, 15 վրացի, 15 ադրբեջանցի և 15 աբխազ պատանիներ։ Երկրորդ փուլը, որին մասնակցում էին 60 հայ և վրացի պատանիներ և Հայաստանում ապրող փոքրամասնություններ, տեղի ունեցավ Հայաստանի Վայոց ձոր մարզում։ Ճամբարային ծրագիրն իր մեջ ներառում էր՝ թիմի ստեղծում և խաղեր, կոնֆլիկտի հարթեցման և փոխակերպման վերաբերյալ սեսիաներ, միջմշակութային սեսիաներ, և երեկոյան միջոցառումներ: Ի հավելումն այս ամենի, ճամբարի յուրաքանչյուր օր նվիրված էր հատուկ թեմայի, օրինակ՝ երգ/պար, դրամա/լրագրություն, կամ նկարչություն/ձեռքի աշխատանք, և մասնակիցները պատրաստվում էին երեկոյան միջոցառմանը համաձայն այդ օրվա թեմայի։ Երեկոյան միջոցառումների ժամանակ մասնակիցները ներկայացնում էին իրենց ազգային երգերը, պարերը, փոքրիկ դրամաներ, բանաստեղծություններ և այլն։

Ճամբարի յուրաքանչյուր փուլի ավարտին կազմակերպվում է փակման և հրաժեշտի միջոցառում։ Հրաժեշտի միջոցառման ընթացքում մասնակիցները ներկայացնում են այն ամենը ինչ սովորել են այս տասը օրերի ընթացքում։ Միջոցառումն ուղեկցվում է ուրախ երգ ու պարով։ Ավարտին վառվում է ավանդական կրակը։ Փակման և հրաժեշտի արարողությանը մասնակցում են նաև ճամբարի նախորդ տարիների շրջանավարտները և լիդերները, մասնակիցների ծնողները և շատ բարձրաստիճան հյուրեր՝ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը, Վայոց ձորի թեմի առաջնորդ Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը և այլոք:

Ճամբարի ավարտից հետո գործընկեր կազմկերպությունների օգնությամբ, մասնակիցները և լիդերները կոնֆլիկտի հարթեցման, բազմազանության և կարծրատիպերի վերաբերյալ սեմինարներ են իրականացրել իրենց համայքներում։ 2016թ-ին կազմակերպվեց «Խաղաղությունն իմ աչքերով» և «Խոսուն նկարներ» խորագրով լուսանկարների ցուցահանդես: Այս միջոցառումների ընթացքում մասնակիցները կիսվեցին խաղաղության հասկացության մասին իրենց պատկերացումներով, իրենց հաջողությունների և ճամբարի մասին տպավորություններով: «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ի Վայքի, Չիվայի, Հերմոնի, Թառաթումբի և Ջերմուկի համայնքային կենտրոններում մարզի երիտասարդների համար կազմակերպվեց ֆիլմի դիտում և քննարկում։

Պատասխանել