«Խաղաղություն փոխըմբռնման միջոցով» վերապատրաստման դասընթաց

Այսօր ամբողջ աշխարհում խաղաղության մշակույթի խթանումն ու ուժեղացումը կարևոր և անհրաժեշտ պայման են։ «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ի երիտասարդական ծրագրերն ու նախաձեռնությունները նպատակ ունեն խթանել խաղաղության մշակույթը և ամրապնդել/ուժեղացնել ներդաշնակ հարաբերություններ։

2010թ.-ը նոր մեկնարկ էր «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ի համար իրականացնելու Ամառային Ակադեմիաներ կոնֆլիկտի վերլուծություն, կառավարում, հարթեցում և փոխակերպում թեմաներով հայ, վրացի և այդ երկրներում ապրող ազգային փոքրամասնությունների ակտիվ երիտասարդների և երիտասարդ առաջնորդների համար: «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ի հետևողական աշխատանքների շնորհիվ է, որ կյանքի կոչվեց «Խաղաղություն փոխըմբռնման միջոցով» երիտասարդական նախաձեռնությունը, որի նպատակն է խթանել միջմշակութային երկխոսությունը և կոնֆլիկտները լուծելու մշակույթի խաղաղ ըմբռնումը: Ծրագիրն իրականացվեց նոյեմբերի 22-ից 28-ը Վայոց ձոր մարզի Հերմոն գյուղում տեղակայված Լուսի Տուր հանգստյան գոտում՝ Գերմանիայի արտաքին գործերի նախարարության ֆինանսական օժանդակությամբ: Ծրագրին մասնակցում էին Հայաստանի և Վրաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող ուսանողներ, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների աշխատանքներում ներգրավված երիտասարդ առաջնորդներ:  Ծրագրի շրջանակներում «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ն համագործակցում էր վրացական «Երիտասարդները հանուն դիվանագիտական ներգրավվածության» ՀԿ-ի հետ՝ Քրիստինա Առաքելովայի նախագահությամբ։ Քրիստինա Առաքելովան 2011թ.-ին Սյունիքի կողմից կազմակերպված և գերմանական Արտաքին Գործերի Նախարարության ֆինանսական օժանդակությամբ իրականացված «միջսահմանային խաղաղաշինություն» ծրագրի ակտիվ շրջանավարտներից է։  «Իմ առաջին մասնագիտությունը՝ սոցիոլոգիա և արվեստի պատմություն, փոքր ինչ այլ ոլորտ էր։ 2011թ.-ին մասնակցեցի Սյունիքի կողմից իրականացված խաղաղաշինության վերաբերյալ վերապատրաստմանը։ «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ն մեծ դերակատարում ունեցավ իմ հետագա մասնագիտության և կարիերայի կողմնորոշման գործում։ 2013թ.-ին ստացա Միջազգային հարաբերությունների և Կովկասագիտության մագիտրոսի աստիճան։ Աշխատանքային գործունեության ընթացքում միշտ աշխատել եմ տարբեր մշակութային միջավայրերում, մեծ և փոքր տարբեր խմբերի հետ։ Մասնագիտական զարգացման հետ մեկտեղ ընտրեցի նաև սոցիալական ակտիվիզմի ուղին։ Թբիլիսիում հիմնեցի «Երիտասարդները հանուն դիվանագիտական ներգրավվածության» հասարակական կազմակերպությունը, որը նպատակ ունի աջակցել Վրաստանի և հարավային Կովկասի  հանրային դիվանագիտության և անվտանգության հարցերի շուրջ երիտասարդների ներգրավվածությանը»,- ասում է Քրիստինա Առաքելովան։

Նոյեմբերի 27-ին ծրագրի շրջանակներում կազմակերպված մշակութային երեկոյին ներկա էին բարձրաստիճան հյուրեր՝ ի դեմս Վայոց ձոր թեմի առաջնորդ Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանի, մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Խաչիկ Գևորգյանի, Վարդաձոր թերթի թողարկման պատասխանատու և խմբագիր Սվետա Դովլաթյանի և «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ի Վրաստանում գործող համագործակից կազմակերպության ներկայացուցիչ Քրիստինա Առաքելովայի։ Ծրագրի համակարգող Տաթևիկ Հարությունյանն իր խոսքում նշեց. «Երկու ազգերն էլ եվրոպական մշակույթի կրողներն են և ողջունելի է, որ Եվրոմիության հիմնական շարժիչ ուժ հանդիսացող Գերմանիան ընդառաջում է մեր ծրագրերին Կովկասում եվրոպական մշակույթի կրող երկու հնագույն ժողովուրդների մերձեցման, փոխճանաչման, դեպի եվրոպական մեծ ընտանիք իրենց ճանապարհը կերտելու համար»:

Պատասխանել