Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից բռնի տեղահանված մեր հայրենակիցներից Մարգարիտա Իշխանյանը ևս ապաստան է գտել Վայոց ձորի թեմապատկան «Սիրանույշ» ճամբարում։
Նա արդեն երկրորդ անգամ է տեղահանվել Արցախից և ապաստան գտել այստեղ։
2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ Մարգարիտան իր երկու անչափահաս երեխաների հետ տեղահանվեց Արցախի Շուշի քաղաքից և ժամանակավոր ապաստան գտավ «Սիրանույշ» ճամբարում։
2023 թվականի սեպտեմբերի 19-ին ընտանիքը կրկին տեղահանվեց` այս անգամ մայրաքաղաք Ստեփանակերտից։
2023 թվականի սեպտեմբերի 19-ին, երբ Մարգարիտան տանն էր և նոր դիմավորել էր դպրոցից տուն վերադարձած իր դստերը, ուժեղ պայթունի ձայն է լսել։ Որոշել է թողնել ամեն ինչ, վերցրել է դստերը և դուրս է եկել շտապելով որդու մոտ, ով մինչ այդ դեռ դպրոցում էր։ Շուրջ երկու օր ճանապարհին են մնացել Հայաստան վերադառնալիս՝ առանց ջրի և սննդի։
Մարգարիտան մասնագիտությամբ բուժքույր է։ Ճամբար տեղափոխվելուց հետո կից նրա սենյակին ստեղծվել է բուժկետ՝ դանիական, գերմանական և շվեյցարական գործընկեր կազմակերպությունների աջակցությամբ, որտեղ նա աշխատում է իր մասնագիտությամբ և արագ արձագանքում առաջին բուժօգնության կարիք ունեցող հիվանդներին։
Մարգարիտան դեռ փորձում է ադապտացվել, այս անգամ փոքր ինչ դժվարությամբ, իսկ երեխաներն արդեն հարմարվել են, հաճախում են Հերմոն բնակավայրի հիմնական դպրոց, մտերմացել են իրենց նոր տանն ու միջավայրին և արդեն ունեն նոր ընկերներ։
Պատասխանել