2022 թվականի նոյեմբերի 11-ից 13-ը «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ն իր երիտասարդական փոխանակման ծրագրերի շրջանակում անցկացրեց հինգերորդ և այս տարվա ամփոփիչ միջազգային հավաքը, որն իրականացավ Վայոց ձորի մարզի «Լյուսի Տուր» հյուրանոցային համալիրում։ Ծրագրի մասնակիցները վերջին վեց ամիսների ընթացքում Հայաստան տեղափոխված անձինք էին։ Նրանց էին միացել նաև Վայոց ձորի մարզի ակտիվ և նախաձեռնող երիտասարդները։
Ծրագրի ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան ճանաչելու միմյանց և մասնակցելու տարբեր թեմաներով և՛ տեսական, և՛ գործնական դասընթացների, ինչպիսիք են․
-Հայկական հյուրասիրության ավանդույթները որպես ազգային հատկության արտացոլում։
-Էթնիկ հանդուրժողականություն. մարտահրավերներ և հնարավորություններ:
-Արտագաղթ, պատմություններ արտագաղթի մասին։
Ծրագրի ընթացքում կազմակերպվեցին վարպետաց դասեր։ Մասնակիցներից որոշները սովորեցին հայկական ազգային խոհանոցից ճաշատեսակներ պատրաստել՝ այդ թվում գաթա, ղափամա, պասուց տոլմա, իսկ ուկրաինական ազգային խոհանոցից՝ կարտոֆիլով, կաթնաշոռով և կեռասով պելմենիներ։ Իսկ մյուս խումբը մասնակցեց ավանդական տիկնիկներ պատրաստելու վարպետաց դասին։
Ինչպես նախորդ հանդիպումների ժամանակ, այս անգամ ևս ծրագրի մասնակիցներն այցելեցին մի շարք պատմամշակութային վայրեր, եկեղեցիներ։ Էքսկուրսիայի ընթացքում նրանք հանդիպեցին զբոսաշրջության ոլորտում տեղի երիտասարդ գործարարների՝ «Էլեգիս» հանգստավայրի սեփականատեր Զավեն Գրիգորյանի
և «Արևի» հյուրանոցի մենեջեր Արմեն Մնացականյանի հետ։ Նրանք մանրամասն ներկայացրին հանգստավայրերի ստեղծման պատմությունները, գործունեությունը և ընթացիկ աշխատանքները։
Հանդիպման ընթացքում կազմակերպված դասընթացները վարեց Հայաստանում Ամերիկյան համալսարանի դասախոս, «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ի անկախ փորձագետ Հարություն Հարությունյանը։ Հանդիպման հյուրեր Աննա Հարությունյանը և Ալլա Մինասյանը ներկաներին պատմեցին արտագաղթի փորձի և օգուտների, հայ-ուկրաինական հարաբերությունների զարգացման պատմության մասին:«Սյունիք-Զարգացում» ՀԿ-ի կամավոր-հոգեբան Վիկտորյա Ազատյանը ներկայացրեց էթնիկ հանդուրժողականության վերաբերյալ ինտերակտիվ դասընթաց:
Հանդիպման ընթացքում ներկա էին «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ի աշխատակազմը և Հայ Առաքելական Եկեղեցու Վայոց ձորի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Աբրահամ Մկրտչյանը։ Կազմակերպչական աշխատանքներն իրականացրին ինտեգրացիոն ծրագրերի նախաձեռնող խմբի պատասխանատու Օկսանա Հարությունյանը և ՀԿ-ի աշխատակիցները։
Հիշեցնենք, որ ծրագիրն իրականացվում է «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ի գործընկեր գերմանական «Հաց աշխարհին» կազմակերպության օժանդակությամբ։ Միջազգային երիտասարդական հավաքները լավագույն հնարավորությունն են ակտիվացնելու և իրազեկելու նաև Վայոց ձորի մարզի երիտասարդներին։
Ինչպես նախորդ հավաքների դեպքում, այս անգամ ևս, բոլոր ծախսերը՝ ներառյալ մասնակիցների տեղափոխումը Երևանից Եղեգնաձոր և հակառակը, սննդի, կացարանի ծախսերն ամբողջությամբ հոգացել է «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ն։
Պատասխանել