Հուլիսի 23-ից մինչև օգոստոսի 2-ը կազմակերպվեց «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ի կողմից իրականացվող ավանդական ամառային ճամբար ծրագիրը։
Հիմնադրման օրվանից ի վեր՝ շուրջ 27 տարի, «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ն Եղեգիսի կիրճում գտնվող թեմապատկան «Սիրանույշ» ճամբարում երեխաների համար կազմակերպում է ամառային ճամբար, որը հնարավորություն է տալիս նրանց ունենալ գերհագեցած և հիշարժան հանգիստ, ձեռք բերել նոր ընկերներ և տարատեսակ գիտելիքներ։
2022 թվականը ևս բացառություն չէր, հուլիսի 23-ից մինչև օգոստոսի 2-ը Վայոց ձորի մարզից և Սփյուռքից ավելի քան 60 դեռահասներ՝ 15-17 տարեկան, հյուընկալվեցին «Սիրանույշ» ճամբարում։ Ճամբարի մասնակիցներն ընտրված էին ըստ հետևյալ առաջնահերթությունների․
- զոհված զինծառայողների ընտանիքի երեխաներ,
- ուսման գերազանց առաջադիմություն ունեցողներ,
- դպրոցական օլիմպիադաների մասնակցած պատանիներ և օրիորդներ։
Ճամբարային օրերը գերհագեցած էին։ Դեռահասները մասնակցեցին երաժշտական երեկույթների, մշակութային միջոցառումների, արշավների և էքսկուրսիաների, տարբեր թեմաներով սեմինար-քննարկումների, դասընթացների, և իհարկե, ավանդույթ դարձած խարույկի միջոցառմանը։
Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ի «Հզոր հայրենիք» բարեգործական ատամնաբուժարան ծրագրի կողմից ճամբարի մասնակիցներին տրամադրվեց անվճար ատամնաբուժական ծառայություններ։
Ճամբարի ընթացքում դեռահասների հետ աշխատում էին վերապատրաստված լիդերներ։
Ճամբարի ավարտին կազմակերպվեց մեծ միջոցառում, որի ընթացքում մասնակիցները հանդես եկան տարբեր երաժշտական կատարումներով։
Ավարտական միջոցառմանը ներկա էին Վայոց ձորի թեմի առաջնորդ Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը, Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը, HEKS/EPER կազմակերպության հարավային Կովկասի գրասենյակի և «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ի ներկայացուցիչներ։
Հիշեցնենք, որ ծրագիրն իրականացվում է ՀԿ-ի երկարաժամկետ գործընկեր, շվեյցարական HEKS/EPER կազմակերպության ֆինանսական աջակցությամբ։
Պատասխանել