«ԿԱՆԱՅՔ ՀԱՆՈՒՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ» ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՍԱՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ

Հրատարակված Վերջին նորություններ | 0

Շուրջ չորս տարի Ջերմուկի համայնքային կենտրոնում իրականացվում է բատիկի և նկարչության դասընթացներ «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ի «Վայոց ձորի համայնքների բնակչության կենսապայմանների բարելավում» ծրագրի շրջանակում։

Կենտրոն են հաճախում Ջերմուկ համայնքի ստեղծագործ կանայք, որոնք սովորում են հուշանվերների նկարազարդում, բատիկ, ընդհանուր նկարչություն, բնական ներկերի, յուղաներկերի օգտագործման տեխնիկա, ձեռք են բերում նոր կարողություններ, հմտություններ դեկորատիվ-կիրառական արվեստի բնագավառում։

Սույն թվականի մայիսի 30-ին նկարչության և բատիկի խմբի 12 կանայք Ռոմանոս Մելիքյանի անվան արվեստի դպրոցում, նույն դպրոցի նկարչության սաների հետ, իրականացրին «Արվեստի ուժը» խորագրով ցուցահանդես։

Ցուցահանդեսի մեկնարկը տրվեց դպրոցի երեխաների կողմից՝ երաժշտական համարների ներկայացմամբ։ Ներկա հյուրերին ցուցադրվեց արվեստի տարաբնույթ աշխատանքներ, իսկ բատիկի և նկարչության խումբը ստացավ պատվերներ Ջերմուկ համայնքի բնակիչների կողմից։

Այդօրինակ ցուցահանդեսները, որոնց խումբը մասնակցում է պարբերաբար, հնարավորություն են տալիս հրապարակային դարձնել այն աշխատանքները, որոնք ինքնազբաղվածության ապահովման լավագույն հիմքերն են։

Հիշեցնենք, որ ծրագիրն իրականացվում է «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ի գործընկեր գերմանական «Հաց աշխարհին» կազմակերպության օժանդակությամբ։

Պատասխանել