«ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՀԱՄԱԽՄԲՈՒՄ» ՀԿ-Ն «ՍՅՈՒՆԻՔ-ԶԱՐԳԱՑՈՒՄ» ՀԿ-Ի ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՏԱՐԻՆ ՍԿՍԵՑ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՀԱՄԱԽՄԲՈՒՄ ԾՐԱԳՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՂՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՄԲ

Հրատարակված Վերջին նորություններ | 0

Անցնող տարվա հոկտեմբեր ամսից մեկնարկեց «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ի և Վայոց ձորի թեմի հետ համագործակցությամբ իրականացվող «Երիտասարդական համախմբում» ծրագիրը։

Համախմբման հավաքների ընթացքում երիտասարդները զինվում են արտակարգ իրավիճակների մարզային ծառայության կողմից գործնական և տեսական գիտելիքներով, ինքնապաշտպանական արվեստի հմտություններով, ծանոթանում են առաջին բուժօգնության հիմունքներին, Ամերիկյան համալսարանի, Մաշտոց հրատարակչության կողմից իրականացվող մի շարք դասընթացներին, ինչպես նաև մասնակցում են տարաբնույթ ինտելեկտուալ և ժամանցային խաղերի, մշակութային միջոցառումների։

Հավաքների ընթացքում երիտասարդները հնարավորություն են ունենում հանդիպել և իրենց հուզող հարցերի շուրջ քննարկումներ ծավալել տեղական և մարզային իշխանության ներկայացուցիչների, զինվորականների, հոգևորականների, պատմաբանների, արտակարգ իրավիճակների ծառայության համապատասխան ներկայացուցիչների, մարզպետարանի և համայնքապետարանների ներկայացուցիչների  հետ։

Մինչ 2021 թվականի ավարտն իրականացվել է համախմբման եռօրյա հավաքների երկու շրջափուլ։ Յուրաքանչյուր փուլում թեմապատկան «Սիրանույշ» ճամբարում համախմբմանն են միացել ավելի քան 400 երիտասարդներ։

Արդեն 2022 թվականի հունվարի 7-ին աշխատանքային տարվա մեկնարկը տրվեց «Երիտասարդական համախմբում» ծրագրի համակարգողների հետ հանդիպումով։

Հանդիպման ընթացքում համակարգողները մասնակացեցին «Ծրագրերի կազմում և կառավարում» թեմայով վերապատրաստմանը։

Վերապատրաստման դասընթացն իրականացնում էր «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ի անկախ փորձագետ, Հայաստանի Ամերիկյան համալսարանի դասախոս Հարություն Հարությունյանը։

Հ․ Հարությունյանը մասնակիցներին զինեց ծրագրեր կազմելու նոր գիտելիքներով և հմտություններով՝ ներկայացնելով ծրագրային տարբեր օրինակներ։

Վերապատրաստման ընթացքում Հ․ Հարությունյանն իրականացրեց անհատական և խմբային գործնական աշխատանքներ, համակարգողներին ներկայացրեց ֆոնդահայթայթման գործընթացը՝ կիրառելով տարաբնույթ ինտերակտիվ մեթոդներ գործընթացի ներկայացման համար։

Եռօրյա հավաքի ավարտին համակարգողները քննարկեցին համախմբման երրորդ շրջափուլի օրակարգը, որի ընթացքում նրանք կկիսվեն յուրաքանչյուր հավաքի երիտասարդների հետ իրենց ձեռք բերած փորձով, գիտելիքներով և կարողություններով։

Հիշեցնենք, որ ծրագիրն իրականացվում է «Երիտասարդական համախմբում» ՀԿ-ի կողմից Վայոց ձորի թեմի, «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ի, Վայոց ձորի մարզպետարանի և համայնքապետարանների հետ համագործակցությամբ։

Երրորդ շրջափուլի առաջին հավաքի մասնակիցները կլինեն Արենի խոշորացված համայնքի ակտիվ երիտասարդները։

 

Պատասխանել