Գյուղատնտեսությունը Հայաստանի տնտեսության գլխավոր ճյուղերից մեկն է և ինչպես Հայաստանի տարբեր բնակավայրերում, Վայոց ձորի մարզի շատ համայնքներում ևս գյուղատնտեսությունը հանդիսանում է բնակչության ապրուստի հիմնական միջոց։ Գյուղատնտեսության զարգացմանն ուղղված ծրագրերը «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ի առաջնահերթություններից են։ Այդ նպատակով ՀԿ-ն կանադական «Ատկեն Արմենիան Հիմնադրամի», «Թեքեյան մշակութային միություն» ընկերության հայաստանյան ներկայացչության և «Վերադարձ դեպի Քաշաթաղ» ՀԿ-ի հետ համագործակցությամբ սկսել է «Արցախից տեղահանված և Վայոց ձորում ապաստանած արցախցի ընտանիքներին գյուղատնտեսական աջակցություն» ծրագիր, որի նպատակն է նպաստել այդ ընտանիքների սննդի և եկամտի ապահովմանը։ Ծրագրի շրջանակում Վայոց ձորի մարզի տարբեր համայնքներից ընտրվել է հինգ շահառու ընտանիք։ Շահառու երկու ընտանիքի տրամադրվել է 6-ական գոճի և 4 ամսվա համար նախատեսված անասնակեր, իսկ երեք ընտանիքի՝ 2-ական կով։
«Այս դժվարին ժամանակներում «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ն իրականացրել և իրականացնում է աջակցության տարբեր ծրագրեր Արցախից տեղահանված ընտանիքների համար։ ՀԿ-ի կողմից իրականացվող հերթական ծրագիրը լավ հնարավորություն է շահառուների համար կրկին զբաղվել անասնապահությամբ և դարձնել այն եկամտի հիմնական աղբյուր»,- նշեց ծրագրի շահառուներից մեկը։
Պատասխանել