Յուրաքանչյուր աշխատանքում հաջողության հասնելու կարևորագույն գրավականներից են ճիշտ ընտրված մասնագիտությունը, նախասիրությունների ու երազանքների ճանապարհով ծրագրավորված, նպատակասլաց առաջ ընթանալը:
Տարիներ շարունակ «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ն գերմանական «Հաց Աշխարհին» կազմակերպության աջակցությամբ կազմակերպում է մասնագիտական կողմնորոշման «Պատանի ճարտարապետ» խմբակը: Այն մեր սաներին հնարավորություն է տալիս զարգացնելու ստեղծագործական մտածողություն, ձևավորելու գեղագիտական ճաշակ ճարտարապետության ոլորտում, ճանաչելու և պահպանելու ինչպես ազգային պատմական ժառանգությունը, այնպես էլ բացահայտելու համաշխարհային մշակութային արժեքները: Խմբակի աշխատանքային պլանը հնարավորություն է տալիս նրանց միաժամանակ պատրաստվելու նաև բուհական ընդունելության քննությունների գծագրություն և գծանկար առարկաներից:
Հեղինեն, Սարինեն և Մերին «ՊԱՏԱՆԻ ՃԱՐՏԱՐԱՊԵՏ» խմբակի շրջանավարտներից են, ովքեր հաջողությամբ ընդունվել են Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան, մասնագիտացել ու սկսել են կարիերայի ստեղծման իրենց ճանապարհորդությունը:
«Պատանի ճարտարապետ» խմբակի պարապմունքները Վաղարշակյան Հեղինեին և Սահակյան Սարինեին նախ օգնեցին բացահայտելու իրենց ստեղծագործական կարողություների ներկապնակը, կողմնորոշվելու մասնագիտության ընտրության հարցում, ապա նաև՝ ընդունվելու համալսարան:
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը բացառիկ դերակատարություն ունի ճարտարապետության, շինարարության, դիզայնի, տեղեկատվական համակարգերի և հարակից ոլորտներում միջազգային չափանիշներին համապատասխան և աշխատաշուկայի պահանջները բավարարող մասնագետների պատրաստման գործում:
Համալսարանն ավարտելուց հետո Հեղինեն աշխատում է որպես ճարտարապետ և դիզայներ: «Աշխատանքային գործունեությունն ավելի խորացրեց իմ սերը մասնագիտությանս նկատմամբ: Տարբեր ոլորտների տարբեր պրոյեկտների հետ աշխատանքը շատ հետաքրքիր է և լի նորանոր լուծումների հնարավորություններով»,- ասում է Հեղինեն: Իսկ Սարինեն, ով այժմ գրաֆիկ դիզայնով է զբաղվում, ավելացնում է. «Նոր ծանոթությունները, տարբեր բնագավառների հետ շփումը նոր գաղափարներ են առաջացնում, նոր հորիզոններ բացում, ինչպես նաև սեփական ընկերությունը հիմնելու ծրագրեր ուրվագծում…»
Եթե Սարինեն ու Հեղինեն արդեն ավարտել են ԲՈՒՀ-ն ու սկսել կարիերայի կառուցման ուղին, ապա իրենց կրտսեր կոլեգան՝ Իսրայելյան Մերին, իր դիպլոմային նախագծի վերջին սղագրումներն է անում: Մերին, սակայն, նաև ուսանողական տարիներն է շատ արդյունավետ օգտագործում: 2018թ. մասնակցել և երկրորդ կարգի հավաստագրի է արժանացել ՌԴ Ռոստով քաղաքում կազմակերպված ճարտարապետության միջազգային ուսանողական մրցույթ-ցուցահանդեսին, ինչպես նաև որպես մասնագետ մասնակցել է բազմահարկ շենքերի չափագրման աշխատանքների: «Նման նախագծերն ավելի են մոտիվացնում ինձ և ամրապնում իմ այն համոզմունքը, որ ես ճիշտ ճանապարհ եմ ընտրել, ճանապարհ, որով ուզում եմ առաջ ընթանալ, կայանալ ու կատարելագործվել»,-ասում է Մերին:
Աղջիկների պատմությունը ևս մեկ անգամ ընդգծում է սոցիալական զարգացման մեր ծրագրերի կարևորությունը, որոնք հնարավորություն են տալիս մարզերի երիտասարդներին գտնելու իրենց ճանապարհը, կերտելու երկրային կյանքի իրենց ուղին:
Պատասխանել