Աջակցություն սահմանապահին

Հրատարակված Վերջին նորություններ | 0

Նոր Ազնաբերդը, Խաչիկը և Խնձորուտը Վայոց ձորի սահմանամերձ գյուղերից են։ Այս համայնքներում բնակիչների համար ապրելը մարտահրավեր է, իսկ մարտահրավերներին դիմակայելու համար չափազանց կարևոր է ոչ միայն պետական, այլև տեղական, անհատական, ինչպես նաև Սփյուռքում ապրող մեր հայրենակիցների ուշադրությունը։

Այդ առումով անգնահատելի է Կանադայի հայոց թեմի աջակցությունը, որի համար սահմանապահին սատարելը դարձել է առաքելություն։ Չորս տարի անընդմեջ Վայոց ձորի սահմանամերձ գյուղերի երեխաների համար նախատոնական եռուզեռն ու տրամադրությունն ամբողջացվում են Կանադայի հայոց թեմի կողմից ուղարկված նվերներով։ Այս տարի ևս, առաջնորդությամբ գերաշնորհ Տ. Աբգար եպիսկոպոս Հովակիմյանի և նվիրյալ բարերարների, Կանադայի հայոց թեմում կազմակերպվեց հանգանակություն, և դրամական օգնությունը Հայ Առաքելական Եկեղեցու Վայոց ձորի թեմի միջնորդությամբ և անմիջական աջակցությամբ փոխանցվեց մարզի սահմանապահ Նոր Ազնաբերդ, Խնձորուտ և Խաչիկ բնակավայրերի շուրջ 300 երեխաների։

Սահմանապահի համար նյութական աջակցությունից զատ անչափ կարևոր է նաև այն, որ նույնիսկ օվկիանոսից այն կողմ գտնվող մեր հայրենակիցները գնահատում են, որ իրենք, դժվարին պայմաններում հայրենիքը պահելու բարձր գիտակցությամբ, շարունակում են ապրել սահմանին։

Պատասխանել