Կամավորական աշխատանք սահմանամերձ Խաչիկ համայնքում

Հրատարակված Ծրագրեր Սփյուռքի Հետ | 0

1993 թվականից Կանադայի հայոց թեմը շրջապատված է կանադահայ ակտիվ երիտասարդներով, ովքեր մեծ հաճույքով և ոգևորությամբ աջակցում են իրենց պատմական հայրենիքի զարգացմանը, մասնակցում տարբեր ծրագրերի: Օժանդակության վառ դրսևորումներից էր կանադահայ երիտասարդների կողմից կազմակերպված բարեգործական դրամահավաքը, որն ուղղվեց Հայաստանի Խաչիկ գյուղում առկա մի շարք խնդիրների լուծմանը: Վայոց ձորի Խաչիկ գյուղի 2016 թվականի ամառը տարբերվում էր նախորդ ամառներից: Տոնական մթնոլորտը և բազմաթիվ այցելուների հոսքը համայնքին աշխույժ տրամադրություն էին հաղորդում: Արտերկրից ժամանած յոթ երիտասարդներ «Կանադայի թեմի Հայաստանի երեխաներ հիմնադրամ»-ի, «Կանադահայ երիտասարդների առաքելությունը դեպի Հայաստան» ծրագրի, ի դեմս Տեր Վազգեն Բոյաջյանի, Գերմանական միջազգային «Բուրդեն կազմակերպության», Վայոց ձորի թեմի և «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ի հետ Խաչիկ համայնքում  իրականացրեցին կամավորության ծրագիր: Կալիֆորնիայի «Հայ ատամնաբուժական միություն»-ը նույնպես միացավ ծրագրին և սահմանապահ զինվորների, համայնքի երեխաների համար տրամադրեց անվճար ատամնաբուժական ծառայություններ: Խաչիկ գյուղում անցկացրած 10 օրերի ընթացքում ծրագրի մասնակիցները՝ Արադ Խաչատրյանը, Ուիլիամ Սումբուլյանը և Գարի Սևունցը Կանադայից, և Բյորգե Քյոհլերը և Բրիջիդ Վեհմեյերը Գերմանիայից, ներկեցին գյուղի զորամասի պատերը, նորոգեցին թատրոնի հատակը, բակի տաղավարը և լողավազանը: Բացի այս աշխատանքներից, կամավորները մասնակցեցին տարբեր մշակութային և սպորտային միջոցառումների, համայնքի գյուղատնտեսական աշխատանքներին՝ բերքահավաք և մեղրաքամ։ Ծրագրի մաս էր կազմում պատմամշակութային վայրեր այցելությունները և գյուղացիների հետ շփումը։ Աշխատանքների ընթացքում խմբին միացան նաև կամավորներ Ամերիկայից: Սփյուռքահայ երիտասարդների թվում էին Կալիֆորնիայի «Հայ ատամնաբուժական միության» անդամ, բարերար Վիգեն Կարապետյանի դուստրերը՝ Ալեքսանդրա և Լեոնա Կարապետյանները: Խաչիկ այցի ընթացքում շփվելով Խաչիկի պարային համույթի հետ և մեծապես գնահատելով համույթի դերը գյուղի մշակութային կյանքի աշխուժացման գործում, Վիգեն Կարապետյանը նախաձեռնեց համապատասխան կոշիկներ ձեռք բերել պարային համույթի 31 անդամների համար: Կոշիկները երկու շաբաթ անց տեղ հասան Ամերիկայից, և «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ի կողմից սույն թվականի նոյեմբերի 22-ին հասցվեցին Խաչիկ և բաժանվեցին պարային համույթի սաներին: Կարևորելով այս ծրագիրը, որը խթան է հանդիսանում հայկական սփյուռքի և Հայաստանաբնակ երիտասարդների  համագործակցության և նոր ընկերության ստեղծմանը, «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ն ակնկալում է շարունակել նմանատիպ ծրագրերի իրականացումը։

Պատասխանել