Ամառային վերականգնողական ճամբար

Հրատարակված Ծրագրեր Սփյուռքի Հետ | 0

Վայոց ձորի գեղատեսիլ անկյուններից մեկում` Եղեգիսի կիրճում տեղակայված Սիրանույշ ճամբարում, 2016թ.-ի օգոստոսի 1-ից 11-ը հյուրընկալվեցին 14-ից 16 տարեկան 20 երեխա Վայոց ձորի Սերս և Բարձրունի սահմանամերձ համայնքներից և 60 երեխա Արցախի Հանրապետությունից: «Սյունիք-Զարգացում» Հկ-ի նախաձեռնությամբ կյանքի կոչված ճամբարն իրականացվեց գերմանական Bröt für die Welt/ «Հաց աշխարհին»  կազմակերպության և Կանադայի Հայոց թեմի ֆինանսական աջակցությամբ՝ նախաձեռնությամբ Կանադայի Հայոց թեմի առաջնորդ Տ. Աբգար եպիսկոպոս Հովակիմյանի: Ծրագրի նպատակն էր օգնել հաղթահարելու պատերազմական գոտու և սահմանամերձ շրջանների երեխաների մոտ առաջացած հոգեբանական խնդիրները և կազմակերպել վերջիններիս ամառային հանգիստը: Ճամբարում երեխաների առօրյան հագեցած էր ոչ միայն հետաքրքիր և ուսուցողական խաղերով, այլ նաև դասընթացներով, ինչպես օրինակ՝ կոնֆլիկտաբանություն, կարծրատիպեր, առաջին բուժօգնություն, լեզվի դասեր և հոգեբանական խորհրդատվություն: Ճամբարի ողջ ընթացքում բոլոր երեխաներն օգտվել են Կալիֆորնիայի «Հայ ատամնաբուժական միության» կողմից տրամադրվող ատամնաբուժական անվճար ծառայություններից:
Ծրագրին իր նախաձեռնությամբ միացավ Freedom Loving Youth (FLY) բարեգործական կազմակերպությունը: Դամասկոսի Հայոց թեմի առաջնորդ Տ. Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը կազմակերպության անունից երեխաներին հանձնեց շապիկներ, գլխարկներ, դպրոցական պայուսակներ՝ անհրաժեշտ զանազան պարագաներով: Ճամբարի ավարտական միջոցառման ընթացքում երեխաները հյուրերին ներկայացան երգերով, պարերով և բեմականացումներով: Հյուրերի թվում էին Վայոց ձորի թեմի առաջնորդ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը, Դամասկոսի Հայոց թեմի առաջնորդ Տ. Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը, Վայոց ձորի 4-րդ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ գնդապետ Հարությունյանը, Կալիֆորնիայի «Հայ ատամնաբուժական միության» անդամներ, ներկայացուցիչներ «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ից, ծնողներ և այլն: Ծրագրի ղեկավար Տաթև Հարությունյանն իր խորին երախտագիտությունը հայտնեց գերմանական «Հաց աշխարհին» կազմակերպությանը, որ տարիներ շարունակ աջակցում է ինչպես այս, այնպես էլ կազմակերպության բազմաթիվ ծրագրերին, ինչպես նաև Կանադայի հայոց թեմին և անձամբ Գերշ. Տեր Աբգար սրբազանին, որ իր աջակցությունն է բերում Վայոց ձորի սահմանամերձ գյուղերի երեխաներին և երիտասարդներին: Նախաձեռնության համար Հայաստանյայց առաքելական եկեղեցու Արցախի թեմը շնորհակալական պաշտոնական գրություն և հատուկ մրցանակ շնորհեց «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ին՝ սահմանամերձ համայնքների երեխաներին և երիտասարդներին ճիշտ ժամանակ ցուցաբերած աջակցության համար:

Պատասխանել