‹‹Սյունիք-Զարգացում›› ՀԿ-ն շարունակում է աջակցել մարզում փոքր բիզնեսի զարգացմանը

Հրատարակված Վերջին նորություններ | 0

Սյունիք-Զարգացում ՀԿ-ն շվեյցարական ՀԵԿՍ կազմակերպության օժանդակությամբ իրականացվող Պտղաբուծության Զարգացման ծրագրի շրջանակներում աջակցում է Եղեգնաձորում գործող ԱՁ Անահիտ Ասատրյանին արտադրելու և իրացնելու չոր մրգեր։

Ծրագրի օժանդակությամբ Անահիտ Ասատրյանը կառուցել է 700 կգ հզորությամբ արևային չորանոց և ձեռք է բերել համապատասխան սարքավորումներ։

Այս տարի արդեն գյուղացիներից մթերել և արտադրել են բալի, ծիրանի, դեղձի, սև սալորի չրեր, պատրաստվում են նաև խնձոր, տանձ, սերկևիլ և արքայանարինջ մթերել։

  • Ինչպե՞ս ծագեց բիզնես սկսելու գաղափարը, և ինչու՞ չոր մրգերի արտադրություն

Գաղափարը կամ ավելի ճիշտ ռիսկն ու համարձակությունը վերջերս է առաջացել ու ափսոսում եմ, որ այսքան ուշ սկսեցինք։ Սովետական տարիներին ավարտեցի Երևանի Էլեկտրատեխնիկական տեխնիկումի արդյունաբերական ձեռնարկությունների բաժինը, այնուհետև ամուսնացա և ‹‹երկիրը քանդվեց››։ 90- ականներին մտածել լավ աշխատանքի, մասնագիտական առաջընթացի մասին դժվար էր։ Դարձա շարքային տնային տնտեսուհի ու ադապտացվեցի կարգավիճակիս։ Գյուղի աղջիկ եմ (ժպտում է,-հեղ․)։ Այգի ունենք, որի մշակությամբ հիմնականում ես եմ զբաղվում։ Սիրում եմ հողը։

Ես և հարևաններս բերքահավաքի սեզոնին միշտ նույն խնդրին էինք բախվում։ Թարմ մրգի ժամանակին իրացման խնդիր ունենալով՝ երբեմն ամբողջ տարվա աշխատանքներս ‹‹ջուրն էինք գցում››։

Երբ աղջիկս տեղեկացրեց, որ Սյունիք ՀԿ-ն փոքր բիզնես ստեղծելու հնարավորություն է ընձեռնում այն մարդկանց համար ում վարած բիզնեսի արդյունքում գյուղացիների բերքի իրացման նոր շուկա կստեղծվի, անմիջապես մտածեցի չոր մրգերի արտադրության մասին։ Համացանցում ուսումնասիրեցի արևային չորանոցի տարբեր մոդելներ։ Ընտանեկան խորհուրդ հրավիրելուց հետո որոշեցինք սկսել։ Սկսեցինք ու արդյունքը հիմա տեսնում եք (ցույց է տալիս չրերը)։

  • Բիզնես անելու ամենամեծ մարտահրավերը։

Ամենամեծ մարտահրավերը սկսելն է՝ ընտանիքով համատեղ որոշման գալն ու ռիսկի գնալը։ Սկզբի մարտահրավերը հաղթահարելուց հետո գալիս են բիզնեսին առնչվող հազարավոր հարցեր ու խնդիրներ, տեխնոլոգիա, որակի ապահովում, մթերում և այլն, որոնց լուծումները պետք է ժամանակին և ճշտորեն գտնել։ Բայց գիտեք, մեզ օգնող սեզոնային աշխատողների և բոլոր այն ֆերմերների, որոնցից միրգ ենք մթերում ոգևորությունը տեսնելով մոռանում եմ ծանրաբեռնվածության ու մարտահրավերների մասին։

  • Որտեղ ե՞ք ձեզ տեսնում 10 տարի անց։

Կարծում եմ նման ծրագրերի և կազմակերպությունների շնորհիվ մի օր Վայոց ձորը դառնալու է իսկապես գյուղատնտեսական մարզ, որտեղ ֆերմերներն արտադրելու են բարձրորակ միրգ, վերամշակողներն ու չորանոցները արտադրելու են Եվրոպա և տարբեր երկրներ արտահանման համար նախատեսված մեծ ծավալներով արտադրանք։ Չգիտեմ, սա իմ տեսլականն է, որը կարծում եմ իրականություն դառնալու բոլոր նախադրյալներն ունի։

 

Պատասխանել